ՀՀ ԶՈՒ-ն պետք է մաքրի Լաչինն ադրբեջանցիներից, դա իրավունքն է՝ եռակողմ պայմանագրով նախատեսված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Նիկոլ Փաշինյանը եկել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի դեօկուպացիայի նախընտրական ծրագրով, բայց այն չի իրագործում, նա պարզունակ խաբեբա է։ Մարդիկ Փաշինյանին ձայն չեն տվել, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում: Նա պետք է հրաժարական տա, ասի՝ ես չեմ կարղանում իմ բերած ծրագիրը իրականացնել, ներկայացնի նոր ծրագիր, այդ ժամանակ կտեսնենք՝ կընտրի՞ ժողովուրդն իրեն, թե ոչ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Հակարիի կամուրջը երկկողմանի փակելուն և հումանիտար բեռների փոխադրումն արգելելուն՝ Չալաբյանը նշեց, որ Հայաստանն ունի Սահմանադրություն, զինված ուժեր և ինքը պետք է պաշտպանի իր հայրենիքը, ոչ թե միջազգային հանրությանը դիմի, որ գան ու մեզ պաշտպանեն: «Այն, որ Ադրբեջանի ԶՈւ-ն մտել է Հակարիի կամուրջ, դա ՀՀ-ի թողտվության արդյունքն է, ուստի, ՀՀ-ն պետք է ուժային գործողություններ իրականացնի և մաքրի այդ տարածքը ադրբեջանական ներկայությունից, դա իր իրավունքն է, եռակողմ պայմանագրի տակ ինքը ևս ստորագրել է, այլապես ադրբեջանցիներն Արցախն ու Հայաստանը կգրավեն»,- ավելացրեց նա:

Խոսելով «Հայաքվե» նախաձեռնող խմբի գործունեության մասին՝ Չալաբյանը նշեց, որ ըստ օրենքի՝ ստորագրահավաքը պետք է տեղի ունենա մարզպետարանների, համայնքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների և նոտարական գրասենյակներում, և ով ունի էլեկտրոնային ստորագրություն, կարող է ևս մասնակցել: «Հարցումները ցույց են տալիս, որ մեր բնակչության 90 տոկոսը դեմ է Արցախի հանձնմանը, հիսուն հազար ստորագրություն հավաքելը ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական խնդիր է, պետք է կարողանանք հասարակությանը իրազեկել այս գործընթացի մասին: Իրականում հիսուն հազարից մի քանի անգամ ավելի մարդ ոչ միայն չի ցանկանում Արցախն Ադրբեջանի կազմում տեսնել, այլև պատրաստ է ակտիվ պայքարել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ