Գրիգոր Մինասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

news_8268108762163_IMG_3845

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և հյուպատոսական ծառայության ղեկավար, խորհրդական Ռաշիդ Աթաևին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արդարադատության համակարգերի միջև առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները, ԱՊՀ անդամ-պետությունների քրեակատարողական ծառայությունների միջև փոխգործակցությունը և կադրերի պատրաստմանն ուղղված համատեղ քայլերը: Միաժամանակ, քննարկվել են նաև իրավական փոխօգնությանն ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցեր:

Նախարար Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել հայ-ռուսական արդյունավետ աշխատանքը միջազգային իրավական համագործակցության և իրավական փոխօգնության ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել նաև մայիս ամսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք իրավական 11-րդ ֆորումի՝ հայկական պատվիրակությանն առնչվող հարցերին:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ:

--00—ՅՄ