Ադրբեջանի առաջնային նպատակն Արցախի ՊԲ-ն կազմալուծելն է, Լաչինում անցակետ դնելը դրան է միտված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Ադրբեջանի առաջնային նպատակն Արցախի պաշտպանության բանակի կազմալուծումն է, Լաչինում անցակետ դնելը դրան է միտված: Բաքուն պլանավորում է նաև հարմար պահի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ որոշակի գործողություններ իրականացնել, իսկ այնտեղ հաստատվելը մեծ հնարավորություններ կտա նրանց: Ժամանակը մեր օգտին չէ, ադրբեջանցիները տեղավորվում, ենթակառուցվածքներ են կառուցում, զինտեխնիկա են տեղակայում, մեզ դժվար է լինելու հանել նրանց, եթե այսօր սա հանդուրժենք, վաղը նույնը տեղի կունենա Տավուշում, Սյունիքում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

«ՌԴ-ն խնդիրներ է տեսել Լաչինում բանակցությունների արդյունավետության առումով, դրա համար ռուս խաղաղապահների ղեկավար գեներալ-լեյտենանտին փոխարինեցին գեներալ գնդապետով, նա մի քանի անգամ բարձր կոչում ունեցող անձնավորություն է, եթե ՌԴ-ն ցանկանում է, որ անցակետը գոյություն չունենա՝ հողի վրա պետք է փոփոխություններ անի: Բայց, եթե պահանջում ենք, որ միայն ՌԴ-ն հեռացնի նրանց, իսկ մենք ի՞նչ ենք անելու, հեռադիտակով հետևելո՞ւ ենք: Մեր շահերից է բխում, պետք է օգնենք ու օպերացիային մասնակից լինենք, ինչ-որ մեկը մեր համար մարտեր չի մղելու, որ մենք առոք-փառոք ապրենք»,- ավելացրեց նա:

Ռազմական փորձագետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ ԱԺ-ում արած հայտարարությունները կանաչ լույս վառեցին Ադրբեջանի համար. «Փաշինյանը ԱԺ-ում սկզբից լղոզված հայտարարություն արեց, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դեռևս նախկինների ժամանակ է ճանաչվել և այլն, հետո Ադրբեջանից ասեցին՝ ի՞նչ ի նկատի ունեք, լավ չհասկացանք, հաջորդ օրը Փաշինյանը բացեց փակագծերը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով՝ նկատի ունենք Արցախն Ադրբեջանի կազմում, դա արդյոք կանաչ լույս չէ Ադրբեջանի համար: Միջազգային հանրությունը հիմա կարող է ասել, ՀՀ-ն ասում է՝ Արցախն Ադրբեջանի մաս է, Ադրբեջանն էլ ասում է՝ եթե այդպես է, ինչ անցակետ ուզենամ, կդնեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ