Ադրբեջանցի զինվորին նվաստացրել են իրենց մոտ, փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստ չի համարել, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։  

«Կատարված քննչական գործողությունների արդյունքում անկհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ համածառայակիցների կողմից ճնշումների, նվաստացումների ենթարկվելու պատճառով։ Եվ ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետև, գիտեք, որ մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարող նրան վերադարձնել»,-ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև նշել է, որ, ըստ հայկական կողմի ունեցած տեղեկությունների, 2-րդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած՝ հենց սահմանամերձ գյուղում, ասել է, որ փոշմանել է, և ցանկանում է վերադառնալ։

«Այս համատեքստում կան շատ քննարկումներ, թե բա էդ ոնց է՝ զինվերները տենց անարգել հատել են սահմանը, եկել, անցել, հասել են ինչ-որ տեղեր։ Իհարկե, այդ հանգամանքը պետք է առանձին քննվի, և հետևություններ արվեն»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանը հատած 2 ադրբեջանցի զինծառայողներից մեկին հաջողվել էր ձերբակալել։ 2–րդը փախուստի էր դիմել։ 

--00—ԼՄ