Ասկերանի Խնապատ գյուղում կրակոցներից հետո գյուղաշխատանքները հսկում են ռուս խաղաղապահները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Խ

Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի ուղղությամբ ապրիլի 5-ին ադրբեջանական կողմի կրակոցների հաջորդ օրն իսկ գյուղացիները շարունակել են գյուղատնտեսական աշխատանքները, սակայն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հսկողության ներքո։ Այդ մասին 24News-ին ասաց Խնապատի գյուղապետ Սամվել Շարմանյանը՝ անդրադառնալով միջադեպին հաջորդող օրերի ընթացքում գյուղում տիրող իրադրությանը։

Շարմանյանն ասաց, որ ապրիլի 5-ին առանց խաղաղապահների ներկայության են աշխատել, իսկ հաջորդ օրը պայմանավորվել են նրանց հետ ու նրանց ներկայությամբ վերսկսել աշխատանքները։ «Ադրբեջանցիները 2-3 վայրկյան մի 10 անգամ կրակել են, որեւէ մեկին վնաս չի եղել»,- հավելեց նա։

Ըստ գյուղապետի՝ ադրբեջանական դիրքերը մշակելի հողերից տեղակայված են մոտ 200 մետր հեռավորության վրա. «160 հեկտար հող էլ ունենք, որ դիրքերին շատ մոտ են, չենք կարողանում մշակել»։ Գյուղում հիմնականում մշակվում են նուռ, արքայանարինջ (կարալյոկ), իսկ անցյալ տարվա բերքը գոհացուցիչ է եղել։

Ինչ վերաբերում է Բերձորի միջանցքի փակման պայմաններում բնակչության ապրելակերպին, ապա Շարմանյանն ասաց. «Ո՞նց պիտի ապրենք։ Մարդիկ գիշեր-ցերեկ մտածում են, թե ոնց ֆրուկտ ճարեն երեխաների համար»։

Ապրիլի 5-ին Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ նույն օրը ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, նշանառության տակ վերցրել Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին. «Վերջինս, ժամը 16:00-ի սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում: Մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի բնակչի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»։

Սերգեյ Առաքելյան

 --00—ԱՊ