Փաշինյանը վստահ է, որ պարոն Ասելբորնի այցը կնպաստի հայ-լյուքսեմբուրգյան կապերի հետագա ընդլայնմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

34860_b

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև առկա են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ և պետք է քայլեր ձեռնարկվեն երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ պարոն Ասելբորնի այցը կնպաստի հայ-լյուքսեմբուրգյան կապերի հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, այդ թվում՝ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու առումով:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը՝ խորացնելու Հայաստանի հետ բազմաոլորտ գործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին: Կողմերը կարևորել են միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական քայլերը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:

--00—ՅՄ