Ինչո՞ւ են պետության կողմից մարվել օկուպացված տարածքներում մնացած ՀԷԿ-երի վարկերը․ Artsakhpress

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Screenshot 2023-02-10 134046

Հաշվի առնելով  44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ մնացած ՀԷԿ-երի սեփականատերերի վարկային պարտավորությունները պետության կողմից կատարվելու թեմայի շուրջ  հանրային ուշադրությունը, Արցախի Հանրապետության դատախազությունը որոշակի ուսումնասիրություններ է իրականացրել այդ ուղղությամբ: Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, փոխանցում է «Artsakhpress.am»-ը։

«Ինչպես հայտնի է պատերազմից հետո մի շարք ՀԷԿ-եր մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Հաշվի առնելով, որ դրանք հիմնականում ֆինանսավորվել են վարկային կազմակերպությունների կողմից և բավականին մեծ գումարների մասին է խոսքը, որոշակի խնդիր առաջացավ բանկային համակարգի կայունության, անխափան գործունեության հետ կապված, ինչպես նաև իրավական խնդիրներ ՀՀ-ի հետ:

Ի վերջո, Արցախի Հանրապետության կառավարությունը որոշեց իր վրա վերցնել վարկերի այդ պարտավորությունների ֆինանսական ծանրաբեռնվածությունը:

Ըստ էության, տեխնիկական առումով սա կատարվեց Արցախի Հանրապետության  պետական մարմինների միջոցով, բայց ֆինանսական միջոցներն արդեն ուղղվեցին վարկային կազմակերպություններում պարտավորությունների մարմանը: Այդուհանդերձ,  տնտեսվարող սուբյեկտների կողմից այդ պարտավորությունը չդադարեց. այն ուղղվեց Արցախի ներդրումային հիմնադրամին:

Իհարկե, կարող ենք ասել, որ սա ձևական բնույթ է կրում, որովհետև գրավի առարկան պահպանված  կամ մեր տիրապետության տակ չէ և չկան ֆինանսական միջոցներ տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ, հետևաբար հիմնադրամին ուղղված այդ պարտավորությունը կմնա անկատար:

Բայց  մյուս կողմից մենք նաև ունեցանք հանրայնացված դեպքեր կամ հասարակության մեջ շրջանառվող տեղեկություններ, ըստ որի՝  որոշ տնտեսվարող սուբյեկտներ կարողացել են հանել գրավի առարկա հանդիսացող շարժական գույքի մի մասը:

Դրանց առնչությամբ առաջիկայում իրավապահ մարմինները պետք է սկսեն օպերատիվ- հետախուզական միջոցներ ձեռնարկել՝  այդ տեղեկությունների իսկությունը հաստատելու կամ բացահայտելու:

Ի վերջո, խոսքը վերաբերում է հարյուրավոր միլիոնի հասնող արժեք ունեցող շարժական  գույքի, որը ենթադրաբար դուրս է բերվել: Առաջիկայում, իրավապահ մարմինների կողմից բացահայտվելուց հետո, մենք կունենանք հնարավորություն Արցախի ներդրումային հիմնադրամին ուղղել նման չափի գումար»,-մանրամասնել է Գլխավոր դատախազը՝  նկատելով, որ չնայած շատ է խոսվում նաև նման տեղեկությունների մասին, սակայն զարմանալին այն է, որ որևէ մեկի կողմից նման դեպքի մասին հաղորդում չի ներկայացվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ