Բարձր մակարդակի այնպիսի հանդիպում չի եղել, որ Լարսի հարցին անդրադարձ չլինի․ Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

d5e9505f6916475b5532af6aaf385720.jpg

«Հրապարակ» թերթը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ Լարսում իսկական սոդոմ-գոմոր է։ Բեռնատարների հսկայական կուտակումներ են, որոնց մեջ հատկապես շատ են հայկական բեռնատարները։ Սրանց վարորդները հաճախ 10 եւ ավելի օր ստիպված են լինում հերթում սպասել, մինչեւ կարողանան հատել վրաց-ռուսական կամ ռուս-վրացական սահմանը։ Ամեն օր հայ վարորդներից ու տնտեսվարողներից ահազանգեր են հնչում, որ իրենց տեր կանգնող չկա, որ Հայաստանի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում՝ խնդիրը կարգավորելու համար, որ ապրանքը փչանում է, մինչեւ տեղ են հասցնում, միլիոնավոր դրամների վնաս են կրում։ Իսկ խնդիրը, ասում են, քաղաքական է՝ վրացական ու ռուսական բեռնատարները, օրինակ, հերթը շրջանցելով անցնում են, իսկ հայկականները՝ մնում։ Վիճակը հատկապես սրվել է Ղրիմի կամրջի պայթեցումից հետո, երբ պարզվեց, որ այդ մեքենան մաքսազերծվել է Հայաստանում։ Դրանից հետո սահմանին հատուկ ռենտգեն սարքեր են տեղադրել եւ ավելի ջանասիրաբար են զննում սահմանն անցնող մեքենաներն ու դրանց բեռները։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով ի պաշտոնե զբաղվում է ռուս գործընկերների հետ նաեւ այսօրինակ հարցերի կարգավորմամբ, մեզ հետ զրույցում խնդիրն այսկերպ ներկայացրեց․  «Ուզում եմ, որ մենք հարցը լավ պատկերացնենք՝ ֆիզիկապես եւ իրավական-քաղաքական մասով։ Մենք՝ որպես այդ տարածքով, այդ անցակետերով անցնող ԵԱՏՄ անդամ երկիր, վստահաբար ասում եմ, որ մաքսիմալ լավարկված ռեժիմներով ենք անցնում ու էլի կլավարկենք։ Ոնց որ թե դրան խոչընդոտ չկա։ Լարսը միշտ ունեցել է երկու ֆունդամենտալ պրոբլեմ․ մեկն իր ֆիզիկական թողունակությունն է, մյուսն իր հսկողական թողունակությունն է։ Մեկը գործառութային է, մյուսը՝ ֆիզիկական։ Թողունակության վրա մենք միշտ աշխատում ենք, միշտ լավարկում ենք, ու, ճիշտն ասած, ես ռուսական կողմի հետ համագործակցությունից շատ գոհ եմ, որովհետեւ ե՛ւ անցակետեր են ավելացրել, ե՛ւ փաստաթղթային պարզեցումներ կան, ե՛ւ հսկողական գործառույթի կանոնակարգումներ կան էս վերջին՝ առնվազն մեկուկես տարվա ընթացքում»։

- Այդ լավարկման արդյունքում, սակայն, մեր վարորդները շարունակում են օրերով կանգնած մնալ Լարսում։

- Խնդիրը հետեւյալն է․ երբ որ իրենք ընդհանուր խստացում են անում, դա սկսում է տարածվել բոլորի վրա, այսինքն՝ առանձին մաքսային հսկողության գործառույթ հայկական մեքենաների կամ ԵԱՏՄ մեքենաների համար հնարավոր է, ու դա իրականացվում է։ Բայց ֆիզիկապես մինչեւ դրան հասնելը, էս վերջին իրադարձությունների հետ կապված, ամեն դեպքում՝ օբյեկտիվ բարդություններ կան։ Այսինքն՝ եթե ուշադրություն դարձրել եք, մի քիչ որակը՝ պրոբլեմի, փոխվել է։ Ես չեմ ասում, որ դա լավ է, դա շատ վատ է, բայց որակն է փոխվել, այսինքն՝ ոչ թե անցակետն են երկար անցնում, այլ երկար են հասնում անցակետին։

- Դա ի՞նչ է նշանակում։

- Դա նշանակում է հետեւյալը, որ երբ բելառուսական ու ռուսական սահմանները վերեւում հայտնի իրադարձությունների կապակցությամբ, ըստ էության, անցանելի չեն, էդ ամբողջ հոսքն իջել է ներքեւ, ու մեքենաների քանակը շատացել է։ Ոչ թե հայկական մեքենաների, այլ ընդհանրապես մեքենաների քանակն է շատ ավելացել, որոնք Վրաստանի տրանզիտն են օգտագործում՝ Ռուսաստան գնալու համար, ու Լարսն են օգտագործում։ Եվ, համապատասխանաբար, էնտեղ կա չեզոք գոտի, որն ամենանեղն է, ու էդտեղ կուտակումները շատ-շատ են։ Եվ մեր բեռնափոխադրումների խնդիրը ոչ թե այն է, որ իրենք գալիս, Լարսում երկար են սահմանն անցնում, ավելի շատ ոչ թե դա է պրոբլեմն էսօր, այլ այն, որ երկարել է ճանապարհը դեպի Լարս, այսինքն՝ դանդաղ են հասնում Լարս։ Նախկինում խնդիրը հետեւյալն է, որ արագ հասնում էիր Լարս, այնտեղ քեզ սկսում էին տանջել սահմանային եւ մաքսային հսկողության գործառույթներով։ Հիմա մի քիչ պրոբլեմը փոխվել է՝ մաքսային եւ սահմանային հսկողության գործառույթները լավարկել են, բայց դժվար են հասնում Լարս, եւ այդ դժվար հասնելը մեքենաների մեծ քանակով է պայմանավորված։

- Բայց հայկական բեռնատարների վարորդներն ասում են, որ վրացական եւ ռուսական մեքենաները հերթից դուրս գալիս են ու հայկական մեքենաներին, նույնիսկ հեգնական ժպիտով, ձեռքով են անում ու անցնում են սահմանը, իսկ մեր մեքենաները մնում են։ Ինչո՞ւ են նրանց թողնում, մերոնց՝ ոչ, եթե հերթը հավասար է բոլորի համար։

- Ես, չնայած նրան, որ ցանկացած տեղեկատվություն շատ կարեւոր է, բայց հակված չեմ հավատալ, որ միանշանակ դա այդպես է։

- Հարցն այն է, որ մեկ-երկու հոգի չէ, որ այդպես է ասում, այս օրերին բազմաթիվ հրապարակումներ, ահազանգեր եղան այդ մասին, մեզ հետ զրույցում էլ տարբեր վարորդներ են նույնը պնդում, որ իրենք օրերով կանգնած մնում են Լարսում, իրենց ապրանքը փչանում է, կառավարությունը տեր չի կանգնում, որեւէ մեկը չի զբաղվում այս հարցով, եւ պնդում են, որ խնդիրը քաղաքական է՝ խտրականություն կա հայկական մեքենաների նկատմամբ։

- Եթե նման բան լիներ միանշանակ, ես կարծում եմ՝ մենք դա կտեսնեինք վիճակագրությամբ, որովհետեւ, այնուամենայնիվ, Լարսն ունի վիճակագրություն, թե քանի մեքենա է անցնում օրվա ընթացքում, դրանցից քանիսն են ԵԱՏՄ բեռներ։ Եվ այդ վիճակագրությունը չի վկայում այն մասին, որ սելեկտիվություն կա՝ ըստ բեռի կամ ըստ երկրի։

- Բայց վարորդները վկայում են, որ կա։

- Դե, պարտավոր ենք դա էլ լսել, բայց ուզում եմ, որպեսզի մենք օբյեկտիվ պատճառներն էլ միշտ հաշվի առնենք։ Ավելի ճիշտ է օբյեկտիվ պատճառները բացահայտել, որպեսզի կարողանանք լուծում տալ, որովհետեւ սա իսկապես շատ բարդ խնդիր է, եթե սա ֆիզիկական պրոբլեմ է։

- Դուք պատրաստվո՞ւմ եք, ամեն դեպքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ այս հարցը բարձրացնել, փորձել դրան քաղաքական մակարդակում ինչ-որ լուծում տալ։

- Չեմ ուզում քաղաքականացնել, ուղղակի ուզում եմ վստահեցնել, որ էդպիսի բարձր մակարդակի հանդիպում չի եղել թե՛ ՌԴ վարչապետի, թե՛ նախագահի հետ, որ Լարսի հարցին անդրադարձ չլինի, որովհետեւ դա շատ կարեւոր հարց է։

- Այսինքն՝ այս անգամ էլ անդրադարձ կլինի այդ հարցին։

- Ես կարծում եմ, որ անպայման կլինի։

- Անձամբ Վլադիմիր Պուտինի՞ հետ, թե՞ այլ մակարդակով։

- Էսպես ձեւակերպենք՝ բարձր մակարդակի հանդիպմանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԶՀ