Զելենսկին հայտարարել է, որ կարելի է Դոնբասի և Ղրիմի հարցում փոխզիջում գտնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

աշխարհ

Ուկրաինան և Ռուսաստանը կարող են քննարկել և գտնել փոխզզիջում այն հարցում, թե ինչպես պետք է ապրեն մարդիկ Ղրիմում և Դոնբասում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ամերիկյան  ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների դադարեցման ռուսական հիմնական պայմաններից են պաշտոնական Կիևի կողմից Ղրիմի ճանաչումը Ռուսաստանի կազմում, ինչպես նաև Դոնբասի երկու հանրապետությունների՝ Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումը։ 

Զելենսկին նաև հավելել է, որ «իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլիացիաների ու վերջնագրերի իրականացման»։ Ուկրաինայի առաջնորդը նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ասելով, որ նա կարող էր ավելին անել Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու համար։ «Ոչ թռիքային գոտին անհրաժեշտ է, որպեսզի խփվեն մեր վրա եկող ռուսական հրթիռները։ Ես այս մասին ասել եմ նախագահ Բայդենին»։ 

Խոսելով ռուսական կողմի առաջադրած հաջորդ պայմանի՝ Ուկրաինայի «դենացիֆիկացիայի մասին», Զելենսկին նշել է, որ «Պուտինի առաջարկած դենացիֆիկացիան մեր ազգի ոչնչացումն է ենթադրում, ինչը նացիզմի դրսևորում է»։ 

Նկատենք, որ պաշտոնական Մոսկվան «դենացիֆիկացիա» եզրույթ ասելով հասկանում է Ուկրաինայի ամբողջ տարածքում Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ ԽՍՀՄ դեմ կռված ու նացիստական Գերմանիային աջակցող գործիչների հուշարձանների ապամոնտաժում և նրանց քարոզչության դադարեցում։

--00--ԿԿ