Արթուր Մխիթարյանը և Ռուդիկ Ղարիբյանը զոհվել են կամիկաձե ԱԹՍ-ի հարվածի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Հասարակական

Երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված շարքային Արթուր Մխիթարյանն ու կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը նույն դիրքում են եղել, երբ կամիկաձե ԱԹՍ-ը հարվածել է իրենց։ Այս մասին 24News-ին ասացին մեր աղբյուրները։

Արթուր Մխիթարյանը Գյումրիից էր, «Լենինականի պոլիգոններ» կոչվող վայրից, ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 21-ին, ծառայության է գնացել 2021 թվականի մարտի 12-ին, ըմբշամարտիկ էր, սովորում էր Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանում, դհոլ էր նվագում։։ «Ունի քույր, եղբայր, մայր, հայր։ Ծառայության սկզբում ուսումնական վաշտում է եղել, վարորդ, հետո տեղափոխվել է տանկային գումարտակ։ 8 ամիս ծառայել է այնտեղ, հետո՝ տեղափոխվել հատուկ գործողությունների վաշտ [վարորդի հաստիքից անցել է հրաձիգի]», - ասաց մեր աղբյուրը։

24News-ին նաև մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես են զոհվել Արթուր Մխիթարյանն ու Ռուդիկ Ղարիբյանը։ «Բարձրացել են դիրք, ուրբաթ օրը Արթուրը պիտի իջներ։ Երեկ առավոտվանից մինչև 12։00-ն ադրբեջանցիները կրակել են, մարտեր են ընթացել։ 12։00-ից հանգստացել է, տղերքն ասել են՝ «Լավ, էթանք, հանգստանանք»։  Արթուրի ու Ռուդիկի կարաուլի ժամն ա էղել, իրենց հերթն է եղել պոստ կանգնելու։ Կարաուլ են կանգնած եղել, [ադրբեջանցիները] ԱԹՍ-ը կախել են իրենց վրա, Արթուրը տեղում մահացել է, իսկ Ռուդիկի գլուխն է վնասվել բեկորներից, 1,5 ժամ հետո Ռուդիկն է մահացել», - ասաց մեր աղբյուրը։

Արթուր Մխիթարյանի հայրն էլ է զինվորական, սպա է Գյումրու զորամասում։ 

Նշենք, որ երեկվա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։ Սկզբում պաշտպանության նախարարության հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Իսկ այսօր առավոտյան տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով։ «Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ։

--00--ԿԿ