Գեղարքունիքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու Opel Astra-ն. կա 1 զոհ, 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Վթար

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում գտնվող «BBG» նախկին բժշկական կենտրոնի մոտ, բախվել են Mitsubishi Pajero Io և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ Ա. Մանուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն  ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ին տեղափոխում են Երևան: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

--00--ԱԹ