Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Ժաննա Ազարյան

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը: Այս մասին Armtimes.com-ը տեղեկացավ Նիկոլ Աղբալյանի անվան Երեւանի թիվ 19 հիմնական դպրոցից: 

Ժաննա Ալբերտովնան ավելի քան 40 տարի աշխատում էր Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: Մեզ փոխանցեցին, որ նրա մոտ հիվանդությունը սրացել էր մոտ երկու շաբաթ առաջ: Ուսուցչուհին ունեցել է նաեւ ուղեկցող հիվանդություններ:

Ժաննա Ազարյանը 64 տարեկան էր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ մահացել էր Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը:

Ցավակցական հաղորդագրություն է տարածել նաեւ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը, որում մասնավորապես ասված է. «Կենսախինդ, բանիմաց, աշակերտասեր մեր ուսուցչուհին իր հետաքրքիր ու անմոռաց դասերով սիրելի էր աշակերտների շրջանում: Գործընկերները ևս չեն պատկերացնում իրենց դպրոցական առօրյան առանց սիրելի Ժաննայի: Մեր խորին ցավն ենք հայտնում Ժաննա Ալբերտովնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին մեծ կորստի համար: Նա դեռ շատ ասելիք եւ անելիք ուներ: Իր կրթած բազմաթիվ սերունդների եւ գործընկերների սրտում Ժաննան միշտ կհիշվի որպես լավ ընկեր, լավ մարդ, լավ քաղաքացի եւ լավագույն ուսուցչուհի: Հանգչի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի Ժաննա»:

--00--ԱԹ