Երկարաժամկետ լուծումը սահմանազատման հարցով բանակցությունների վերսկսումն է. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Երկարաժամկետ լուծումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսումն է սահմանազատման հարցով` դրան հաջորդող սահմանագծմամբ: Այս մասին այսօր իր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ՌԴ-ն պատրաստ է համապատասխան խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին: Նա հայտնել է, որ Անդրկովկասում տիրող իրավիճակը ռուսական կողմի մշտական ուշադրության կենտրոնում է:

Զախարովան հայտնել է, որ Երևանի և Բաքվի հետ բարձր մակարդակով շփումներն իրականացվում են կանոնավոր կերպով, աշխատանքներ են տարվում ներքին քաղաքական, պաշտպանական և սահմանային հարցերով գերատեսչությունների հետ:

«Երկկողմ, եռակողմ ձևաչափերը քննարկվում են կողմերի հետ և որոշումներ են կայացվում՝ ելնելով հանդիպումների առավել արդյունավետությունից»,- ասել է նա: 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, թե Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորմանը, ապա կողմերին կոչ արել հնարավորինս շուտ վերացնել առկա խոչընդոտները հումանիտար դաշտում, փոխանակել ռազմագերիներին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով և ականապատման քարտեզներով:

--00--ԱԹ