«Mercedes»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 70 տարեկան հետիոտնի․ ժամեր անց նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

նկար

Օգոստոսի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի գլխավորությամբ և Երևանի 1-03 շտապօգնության մի քանի խմբեր։ 

Բժիշկները կենաց-մահու պայքար տանելով, վրաերթի ենթարկվածին գիտակցության բերեցին, ապա տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Ըստ աղբյորի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մինչ բժիշկների ժամանումը երիտասարդ մի տղա է վրաերթի ենթարկվածին օգնել, սահմանազատել է տարածքը, որպեսզի կրկնակի վրաերթի չենթարկվի։ Իսկ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։

Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենան, քանի որ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն է ունեցել դեպքին։  

Այսօր՝ ժամը 07։00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվել  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  

--00—ԼՄ