61-ամյա վարորդը Opel-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Նոյեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմանում Արարատի մարզի բնակիչը՝ 61-ամյա Սերյոժա Աբրահամյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, զանգահարել է 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո վարորդն ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

նկար

Աղբյուրը նաև հայտնում է, որ դեպքի վայրում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և բժիշկները Ա. Դադոյանի ուղեկցությամբ նրան տեղափոխեցին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Կարճ ժամանակում պարզվել է մահացածի ինքնությունը. նա Երևանի բնակիչ, 60-ամյա Ալեքսանդր Իվանովն էր։ 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Աղբյուրը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել վերգետնյա անցումից մոտ 300 մետր հեռավորության վրա, ու եթե հետիոտնը անցներ նշված վայրով, ապա դեպքը տեղի չէր ունենա։ 

--00—ԼՄ