Ռուս-Հայկական մարդասիրական կենտրոնի վարչությունը նիստ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

Արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 27-ին տեղի է ունեցել Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի (ՌՀՄԱԿ) վարչության հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ և վարչության համանախագահներ Արկադի Բալյանը և Նիկոլայ Գրեչուշկինը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքում քննարկվել են 2020 թվականի ընթացքում կենտրոնի գործունեության հետ կապված հարցեր:

«Հաստատվել են 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության, Հայաստանի, Ռուսաստանի և երրորդ երկրի տարածքներում մարդասիրական արձագանքման իրականացման կարգի նոր խմբագրությունները, կենտրոնի գործունեության հետագա հեռանկարները:

Աշխատաժողովի ընթացքում ռոտացիոն կարգով իրականացվել է ռուսական և հայկական կենտրոնի տնօրենի և համատնօրենի փոխատեղում»,- ասվում է հաղորդագրության մեջ:   

Ըստ աղբյուրի՝ նիստի ավարտին Արկադի Բալյանը և Նիկոլայ Գրեչուշկինը ստորագրեցին ՌՀՄԱԿ-ի վարչության նիստի արձանագրությունը:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են 2020-2021թթ.-ին մարդասիրական կենտրոնի կատարած աշխատանքներին: Նիկոլայ Գրեչուշկինը նշել է, որ նախորդ տարին բարդ է եղել՝ պայմանավորված մի շարք գործոններով, մասնավորապես՝ COVID-19-ով և 44-օրյա պատերազմով: Նա հպարտությամբ է նշել, որ մարդասիրական կենտրոնն առաջիններից էր, որը ներգրավվել է հումանիտար աղետի հետևանքների վերացման գործում, և պատրաստակամություն հայտնել շարունակելու փոխգործակցությունը:

«ՌՀՄԱԿ-ի հիմնական նպատակն է ուսուցումը. 2020 թվականին կորոնավիրուսային համավարակի պատճառով  21 ծրագրերից իրականացվել է ընդամենը  5-ը, որին մասնակցել է 41 մասնագետ: Վարչության անդամները վստահություն են հայտնել, որ այս տարի կփորձեն բոլոր ծրագրերը կյանքի կոչել»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ նիստից հետո ՌԴ ԱԻ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինին ընդունել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:

--00--ԱՀ