Արցախում խաղաղությունը պահպանվում է ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ԼՂ վերջին պատերազմին և մի շարք այլ արդիական հարցերի: 

Ո՞րն է ԱԽ քարտուղարի՝ առաջիկա օրերին ՌԴ կատարվելիք այցի նպատակը:

Այս հարցին Գրիգորյանը պատասխանել է, որ Մոսկվա այցը փոխկապակցված է Դուշանբե այցի հետ, որի ընթացքում նախատեսված է ՀԱՊԿ անդամ-երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստ, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ:

«Մտադիր ենք քննարկել անվտանգության հարցերի լայն շրջանակ: Նիստի ավարտին մենք կտեղեկացնենք արդյունքների մասին»,- նշել է նա:

Նոր պայմաններում ՀՀ սահմանների պահպանության հարցում ինչպիսի՞ն է ՌԴ դերը: Արդյո՞ք դրա համար անհրաժեշտ է ինչ-որ նոր փաստաթղթի ստորագրում կամ արդեն գործող պայմանագրերի թարմացում:

«Ենթադրում եմ՝ ձեզ հայտնի է, որ ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային փոխօգնության պարտավորությունները կարգավորվում են համագործակցության լայն հնարավորություններ ընձեռող նորմատիվ-իրավական դաշտով՝ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով: Մինչ այժմ մենք չենք բախվել ինչ-որ ձևական սահմանափակումների, որ խանգարեին մեր համատեղ ծրագրերի իրականացմանը: 

Եթե հանկարծ բախվենք նման խոչընդոտների, ապա կքննարկենք լրացուցիչ փաստաթղթերի ստորագրման կամ արդեն գործող փաստաթղթերի թարմացման հարցը: 

Ինչ վերաբերում է ՀՀ սահմանների պաշտպանությանը, ապա Ռուսաստանն, իբրև մեր ռազմավարական դաշնակից, կարևոր դեր է կատարում, և մենք շարունակում ենք ՌԴ հետ համագործակցությունը՝ մեր սահմանների անվտանգության ամրապնդման ոլորտում»,- նշել է նա:

Հայկական կողմի գնահատմամբ՝ որքանո՞վ է արդյունավետ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը: Երևանը կցանկանա՞ տարածաշրջանում խաղաղապահ առաքելության ժամկետները երկարացնել, ընդլայնել նրանց ներկայացվածությունը:

«ՌԴ խաղաղապահ ուժերն Արցախում արդյունավետ գործունեություն են իրականացնում: Ներկա դրությամբ Արցախում խաղաղությունը պահպանվում է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ: Արցախում խաղաղապահների ներկայության ժամկետների երկարաձգման հարցը հնարավոր կլինի քննարկել նրանց մանդատի ժամկետի լրանալուց առաջ, սակայն այս պահին Ադրբեջանը որևէ կերպ ցույց չի տալիս, որ տարածաշրջանում խաղաղություն հնարավոր է առանց խաղաղապահների ներկայության»,- հարցին ի պատասխան՝ ասել է Գրիգորյանը:

 

--00--ԱԹ