Արա Այվազյանը Շարբել Ուեյբեի հետ անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

․

Մարտի 22-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի եւ արտագաղթյալների նախարարի պաշտոնակատար Շարբել Ուեյբեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Երկուստեք գոհունակություն է հայտնվել փոխվստահության եւ սերտ բարեկամության վրա հիմնված հայ-լիբանանյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ եւ ընդգծվել է երկու երկրների պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման եւ հարստացման համար:

Այս համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծել են լիբանանահայ համայնքի կարեւոր դերակատարությունը Լիբանանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում եւ զգալի ներդրումը երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդման գործում:

Կարեւորվել է Հայաստանի եւ Լիբանանի փոխադարձ աջակցությունն ու համագործակցության սերտացումը նաեւ միջազգային կառույցների շրջանակներում:

Արտգործնախարարներ Այվազյանը եւ Ուեյբեն հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետեւանքներին` առանձնահատուկ մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Սիրիայից եւ Լիբիայից վարձկանների եւ զինյալ ահաբեկիչների ռազմական գործողությունների գոտի տեղափոխման առնչությամբ:

--00--ԱՀ