Ծառայողական շները սեպտեմբերից հսկում են Բագրատաշենի անցակետով բեռնատարների հոսքը. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնում հատուկ պատրաստություն անցած ծառայողական շները եւ կինոլոգները սեպտեմբերից շուրջօրյա հսկողություն են իրականացնում Բագրատաշենի անցակետում: Նախկինում կենտրոնի ծառայողներն, ըստ անհրաժեշտության, գործուղվում էին Հայաստանի սահմաններ Երեւանից: ՊԵԿ զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում վարժեցված շներն ու կինոլոգներն արդեն մշտական ծառայություն են իրականացնում ինչպես Մեղրիի, այնպես էլ Բագրատաշենի մաքսակետում, ինչը բարձրացնում է հսկողության արդյունավետությունը:

Նախապես իրականացվող վերլուծությունների արդյունքում առավել ռիսկային մեքենաները զննվում են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շների կողմից` չխոչընդոտելով մաքսատան բնականոն աշխատանքը: Բեռնատարների եւ մարդատար մեքենաների դեպքում զննումը տեւում է միջինում 5 րոպե, իսկ թեթեւ մարդատար մեքենաների դեպքում` մինչեւ 2 րոպե:

Բագրատաշեն տեղափոխված ծառայողական 4 շները պահվում են մաքսակետի տարածքում` հատուկ պայմաններով առանձնացված հատվածում: Նրանց մի մասը կոմիտեի ռազմավարական ծրագրի շրջանակում շնագիտական կենտրոնում բուծված ցեղատեսակների առաջին սերունդներից է:

Բագրատաշենի անցակետում մշտական ծառայություն է իրականացնում 4 աշխատակից: «Բոլորը բնակվում են Տավուշի մարզում` մոտակա գյուղերում, ինչը հեշտացնում է ամենօրյա աշխատանքը: Լինում են դեպքեր, երբ հերթափոխ իրականացնող 2 ծառայողներին օպերատիվ օգնության են հասնում մյուս հերթափոխի աշխատակիցները»,-տեղեկացնում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանը:

Անհրաժեշտության դեպքում ծառայողական շները եւ կինոլոգները Բագրատաշենից կգործուղվեն մոտ հեռավորության վրա գտնվող երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձեւակերպումները սպասարկող Այրում-Ջիլիզայի մաքսային կետ:

 --00—ՄՀ