«Հայփոստ»-ի միջազգային բեռնափոխադրումների հետ կապված առաջացել են լոգիստիկ խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

.

«Հայփոստ»-ի միջազգային բեռնափոխադրումների հետ կապված լոգիստիկ խնդիրներ են առաջացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այսօր արդեն արձանագրել ենք, որ «Հայփոստ»-ի միջազգային բեռնափոխադրումների հետ կապված լոգիստիկ խնդիրներ կան: Ինչպես գիտեք, չվերթների հետ կապված դեպի Հայաստան, և ոչ միայն դեպի Հայաստան, որոշակի սահմանափակումներ կան, և մարդիկ, որոնք որոշ ապրանքներ ունեն ու սպասում են այս օրերին, պետք է խնդրեմ, որ ըմբռնումով մոտենան իրավիճակին: Դրանք միջազգային լոգիստիկ խնդիրներ են, և կարող են այս կամ այն օդանավակայանում այդ բեռներն արգելափակված լինել»,- ասաց Արշակյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: 

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 72-ի: Հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: