Նույն անձը տարբեր գողություններ է կատարել՝ վնասելով վճարային տերմինալները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Օրերս ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդումներ էին ստացվում։ Թիրախը Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված վճարային տերմինալներն էին։ Գողությունները կատարվել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ, ինչի հետևանքով վճարային տերմինալները վնասվել էին։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ նախ պարզեցին, որ գողությունները նույն անձի ձեռքի գործն են։ Հետևողական աշխատանքի շնորհիվ պարզվեց նաև, որ կասկածյալը Երևանի բնակիչ չէ։ Հետախուզական միջոցառումները հանգուցալուծվեցին մարտի 9-ին. Չարենցավանում բնակվող 33-ամյա տղամարդը Նոր Նորքում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքերի նախաքննությունը վարող մարմնին՝  հարցաքննության։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։