Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

յ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է Վրաստանին շնորհել Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, երբ և եթե Թբիլիսին կատարի դրա համար անհրաժեշտ պայմանների մնացած մասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Հանձնաժողովն առաջարկում է, որ (Եվրոպական) Խորհուրդը Վրաստանին շնորհի թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով այն, որ որոշակի բարեփոխումներ և քայլեր են ձեռնարկվել», - ասել է ֆոն դեր Լայենը։

ԵՄ-ի առաջադրած պայմանները ներառում են այն, որ Վրաստանը հետևի ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, պայքարի ապատեղեկատվության և քաղաքական բևեռացման դեմ, ինչպես նաև 2024 թվականին ապահովի ազատ և արդար ընտրություններ։

2022 թ․ հունիսին Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն Վրաստանին՝ ոչ։ Այն ժամանակ ԵՄ պետությունների ղեկավարները հայտարարել էին, որ պատրաստ են Վրաստանին ևս շնորհել այդ կարգավիճակը՝ նրա կողմից մի շարք պայմանների կատարման դեպքում։

--00—ԼՀ