Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

photo_2023-11-01_10-29-06

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան, շնորհակալություն հայտնելով արցախահայության հումանիտար վիճակի, Արցախին և Հայաստանին սպառնացող անվտանգային մարտահրավերների մասին ահազանգող նամակներիս, վերահաստատել է Եվրոպական Միության աջակցությունն արցախահայերի իրավունքների պաշտպանությանը և Հայաստանի անվտանգությանը։ Նա մասնավորապես գրել է․

«․․․Եվրամիությունն ուշադրությամբ հետևում և արձագանքում է տարածաշրջանում ընթացող զարգացումներին։ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով ներգրավված է՝ օգնելու մեղմել խաղաղ բնակչության վրա ներգործող հումանիտար ազդեցությունը և խուսափել իրավիճակի հետագա վատթարացումից:

Եվրամիությունը դատապարտում է սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ռազմական գործողությունը, որը պատճառ դարձավ ավելի քան 100500 փախստականների՝ դեպի Հայաստանի Հանրապետություն արտահոսքի։ Մենք ցավում ենք այս էսկալացիայի հետևանքով կրած զոհերի և մարդկային կորուստների համար։

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ տեղահանվածների համար իրենց տներ վերադառնալու իրավունքը։ Ղարաբաղի հայերի մշակութային ժառանգությունն ու սեփականության իրավունքները պետք է պաշտպանվեն։

Հաշվի առնելով տարածաշրջանում հրատապ հումանիտար կարիքները՝ Եվրամիությունը և անդամ երկրները մարդասիրական օգնություն են մոբիլիզացրել Հայաստանում գտնվող տեղահանվածների համար։ ՀՀ կառավարության խնդրանքով ԵՄ-ն ակտիվացրել է Քաղաքացիական պաշտպանության իր մեխանիզմը։ Հոկտեմբերի 5-ին նախագահ Ֆոն դեր Լեյենը հայտարարեց 10,45 միլիոն եվրո արժողությամբ հավելյալ մարդասիրական օգնության փաթեթի մասին: Ավելին, Հանձնաժողովը հայտնեց Հայաստանին 15 միլիոն եվրո բյուջետային աջակցության մասին՝ սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու և սննդամթերքի ու վառելիքի ձեռքբերմանն աջակցելու համար: Հայաստանն օգուտներ կստանա նաև «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրից, որը համալրվելու է լրացուցիչ 800,000 եվրոյով։

Եվրամիության արտաքին գործերի նախարարները մտադիր են քննարկել Հայաստանի անվտանգությանն ու տոկունությանը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների կայունությանն աջակցելուն ուղղված հետագա գործողությունները։ Միևնույն ժամանակ, Հայաստանում Եվրոպական Միության առաքելությունը շարունակում է վերահսկել անվտանգային իրավիճակն Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում։

ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների անհապաղ վերսկսմանն աջակցելուն՝ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարով։ Այդ նպատակով մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի համապատասխան մարմինների հետ»,- նշել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավարը։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան։

--00—ՅՄ