Մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչ է լինելու ԼՂ-ից հետո. Կոպիրկինը՝ Սյունիք այցի մասին․ Sputnik Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Screenshot_5

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղի իշխանության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք արդիական հարցեր` անվտանգություն, հյուպատոսության բացում, սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերություններ և այլն։ Դեսպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է այցի արդյունքների մասին և պատասխանել առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցերին։

Օգնություն տեղահանվածներին և Սյունիքի նկատմամբ վերաբերմունք

Ռուսաստանը Հայաստանի համար օգնության զգալի փաթեթ է պատրաստում ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Դեսպանի խոսքով` հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրությունը սևեռել են Սյունիքի մարզի խնդիրների վրա։ Տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներն են։ ՌԴ դիվանագետի գնահատմամբ` նրանք հսկայական և արդյունավետ աշխատանք են անում։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Հայաստանն ու հայ ժողովուրդը, այդ թվում` ԼՂ հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ Մենք շատ սերտ ենք կապված։ Այն իրավիճակն ու այն ցավը, որն ապրում է ժողովուրդը, ընկալում ենք որպես մեր սեփականը։ Ով ինչ էլ ասի` Ռուսաստանն անտարբեր չէ այդ ամենի նկատմամբ և իր գործողություններով ցույց է տվել, ցույց է տալիս և ցույց կտա, որ սա շատ կարևոր երկիր և ժողովուրդ է, որոնց հետ հազարամյակներով հարաբերություններ է կառուցել և մտադիր է հետագայում ևս անել դա»,– նշեց դիվանագետը։

Կոպիրկինը վստահեցրեց, որ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է օգնել դրանց լուծման հարցում` առաջնահերթ կենտրոնանալով մարդասիրական բնույթի հարցերի վրա։ Այդ կապակցությամբ դիվանագետը դրական գնահատեց Ռոսսոտրուդնիչեստվոյի արձագանքը տեղահանվածների առաջնային կարիքներին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Ռուսաստանը բավական ակտիվ աշխատել է և շարունակում է աշխատել, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը, չնայած բոլոր դժվարություններին, լուծվի ներգրավված բոլոր կողմերի համար արդար հենքի վրա։

«Առանց դրա դժվար է տևական խաղաղություն հաստատել, իսկ մեր նպատակն է, որ այստեղ խաղաղություն լինի։ Հատկապես այն մարդկանց համար, որոնք վերջին տասնամյակներում շատ են տառապել ու հանգիստ կյանք են ուզում իրենց և իրենց երեխաների համար և որոշակի վստահություն ապագայի հարցում», – ընդգծեց դեսպանը։

Կոպիրկինը նշեց, որ փորձել է տեղի ղեկավարությանը ազդակներ փոխանցել այն մասին, որ ՌԴ–ն ակտիվ և հետևողական քայլեր է ձեռնարկել և ձեռնարկելու խնդիրների լուծման հարցում օգնելու համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ