Արցախի օպերատիվ շտաբն է՞լ են փակում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,24News

շտ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հիշեցնենք, որ Արցախի օպերատիվ շտաբը ստեղծվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ մեծ թվով արցախցիներ զրկվեցին տներից, մի մասը հայտնվեց Հայաստանում։ Շտաբը գործել է նախ՝ Արցախում, ապա՝ Երեւանում: Մասնավորապես, 2020-ին այս շտաբը փորձել է անտուն մնացած հադրութցիներին, շուշեցիներին ապահովել սննդով, լուծել մարդկանց սոցիալական եւ կեցության խնդիրները: Շտաբը համախմբել է մի շարք հասարակական կազմակերպությունների, իրականացրել տարբեր ծրագրեր` կյանքի հմտություններ սովորեցնելուց մինչեւ զբաղվածության հարցեր: Բլոկադայի շրջանում օպերատիվ շտաբի անելիքներն ավելի ընդլայնվեցին: Իսկ Արցախի հայաթափումից հետո շտաբը գործում էր միայն Հայաստանում: Աբովյան փողոցում գտնվող շտաբում այս օրերին էլ մարդկանց կուտակումներ են` հիմնականում այն մարդիկ են այցելում, ովքեր սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո ստիպված լքել են Արցախը` բռնելով գաղթի ճանապարհը։

Այժմ շտաբում են տեղակայվել Արցախում գործունեություն ծավալած կառույցները, որոնք աշխատել են կառավարության անմիջական ենթակայության տակ։ Արցախցիները շտաբ գալիս են տարբեր հարցերով` բնակարան, սնունդ, աշխատանք գտնելու, թղթաբանության հետ կապված, փաստացի գրանցման հասցեների խնդրով։ Թե ինչքանով է կարողանում շտաբը լուծել մարդկանց խնդիրները, զրուցեցինք շտաբի աշխատակիցների եւ տարբեր խնդիրներով այստեղ եկած արցախցիների հետ։

Շտաբի աշխատակիցները խնդրում էին անանուն մնալ, բայց ներկայացրին իրավիճակը. մարդիկ գալիս են՝ հասկանալու, թե երբ եւ ինչպես են իրենց աշխատավարձերը ստանալու, թոշակառուների մի մասն Արցախում չի ունեցել բանկային քարտեր, գալիս են, որ ստանան իրենց կենսաթոշակային գրքույկների օրինակները, տեղեկանքներ, որ կարողանան թոշակ ստանալ։ Շտաբի աշխատակիցը մեզ ասաց, որ աշխատավարձերի մասով ոչինչ չեն կարողանում պատասխանել` իրենք էլ դեռ աշխատավարձ չեն ստացել եւ չգիտեն` կստանա՞ն, թե՞ ոչ։ Մեր այն հարցին, թե շտաբի հետագա գործունեության մասին կա՞ որոշում, պատասխանեցին, որ չգիտեն․ «Չենք բացառում, որ կարող է նաեւ լուծարվի այս շտաբը: Իսկ պատճառները տարբեր են, օրինակ, այս պահին բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում: Նաեւ այն փաստը, որ մենք նախկինում ֆինանսավորվում էինք Արցախի կառավարությունից, որը, որպես այդպիսին, այլեւս չի գործում, իսկ ՀՀ կառավարությունը չգիտենք ինչ կորոշի։ Այս պահին զուտ փորձում ենք օգնել մարդկանց` ինչով կարողանում ենք, ծանոթներով, բնակարան գտնելով։ Սնունդ չենք կարողանում տրամադրել, քանի որ չկա գումար, չկա պետական աջակցություն»։

Զրուցեցինք նաեւ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանի հետ։ Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին կա 2 կարեւոր հարց, որն այս օրերին պետք է ճշտեն, նոր ինքը կկարողանա պատասխանել մեր հարցերին։ «Այս պահին չեմ կարող կիսատ-պռատ պատասխաններ տալ... Քաղաքական որոշում պետք է կայացվի, որից հետո պարզ կլինի, թե ինչ ենք անելու։ Երկու օրից պարզ կլինի»,- նշեց Առաքելյանը»։

--00--ԼՀ