Արցախի Այգեկի բազմազավակ ընտանիքին բազմիցս առաջարկվել է վարձով բնակարան․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News

Արցախ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը պարզաբանում է տարածել լրատվամիջոցներից մեկում մայիսի 13-ին՝ «6 անչափահաս ունեցող արցախցի ընտանիքին վտարում են Արարատի մարզի ժամանակավոր ապաստանից (տեսանյութ)» վերտառությամբ հրապարակված նյութի վերաբերյալ, որտեղ Արցախի Հանրապետության Քաշաթաղ շրջանի Այգեկ գյուղի բնակիչ Ռոմիկ Դարբինյանը, ներկայացնելով իր ընտանիքի սոցիալական վիճակը, դժգոհություն է հայտնել, որ իր ընտանիքը պետության և կառավարության կողմից մատնվել է անտարբերության, ընդ որում՝ երեխաներից մեկը հաշմանդամ է:

Օպերատիվ շտաբը պարզաբանել է. «Դարբինյանների ընտանիքը դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 5-ին տեղավորվել է ՀՀ Արարատի մարզի Գետազատ համայնքի մանկապարտեզում, այդ ընթացքում ապահովվելով կենցաղային առաջին անհրաժեշտության բոլոր պարագաներով և սնունդով,  ինչը, սակայն, խաթարել է  համայնքի մանկապարտեզի բնականոն գործունեությունը  և  առաջացրել բնակիչների դժգոհությունը:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը այս ամիսների ընթացքում ընտանիքին բազմիցս առաջարկել է տեղափոխվել  վարձով բնակարան, որի վարձը կվճարվի  շտաբի կողմից: Սակայն, ընտանիքի հայրը, ամեն անգամ առանց մեկնաբանության, առանց պատճառները մանրամասնելու, հրաժարվել է  ներկայացված առաջարկություններից՝ պնդելով, որ մանկապարտեզից դուրս կգա միայն սեփական բնակարան ստանալու դեպքում:

Ցանկանում ենք նշել, որ Օպերատիվ շտաբը տեղյակ է Արցախից տեղահանված  ընտանիքների թե՛ գտնվելու վայրի, թե՛ սոցիալական վիճակի և թե՛ առաջարկված ու ստացած օգնությունների մասին: Հետևաբար, հորդորում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և նման նյութեր պատրաստելուց ու հրապարակելուց առաջ գոնե տեղեկատվություն ստանալ Օպերատիվ շտաբից»:

--00—ՄՀ