Եթե ոչինչ չփոխվի, ապա թշնամու յաթաղանը կարող է մոտենալ յուրաքանչյուրիս պարանոցի ոսկորին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

դդ

 

ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը գրել է․

«Ցավոք, պատմության անիվը նոր թափ է հավաքում, եթե այն չկանգնեցնենք այսօր, վաղը ուշ է լինելու։

Առանց հուզմունքի ու կոկորդը խեղթող ներքին ցասումի հնարավոր չէ խոսել այն սարսափելի իրողության մասին, որի ականատեսն է մեր սերունդը՝ շրջվում է հայկական Արցախի պատմության վերջին էջը։

Ու դա տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների լռելայն համաձայնությամբ, իսկ գործնականում՝ թուրք, ռուս ու ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ նախաձեռնությամբ։

Հայության առողջ հատվածն արդեն տվել է ազգակործան այս քաղաքականության պատասխանատուների իր գնահատականը։ Անշուշտ թե՜ գալիք սերունդները, թե՜ պատմությունը նույնպես կտան այս ամենի իրենց գնահատականը։  Բայց ստեղծված իրավիճակում սարսափելին ոչ միայն այն է, որ պետականակործան նույնատիպ զարգացումներ կարող են ծավալվել նաեւ Հայաստանի հանդեպ, այլ այն, որ հայաստանցիների մի ստվար զանգված կործանարար այս զարգացումներին վերաբերվում է որպես իր հետ որեւէ առնչություն չունեցող երեւույթի։

Այս՝ հորթին բնորոշ անտարբերությունն ամենավտանգավորն է ու ճանապարհ է հարթում ազգովի «կառափնարանում» հայտնվելու համար։ Լավ, էլ ի՞նչ արհավիրք պետք է գա մեր գլխին, էլ ի՞նչ փորձանքի պետք է հանդիպենք, որ սթափվենք։

Լավ, խուսափու՞մ եք գնալ ընդդեմ կործանիչ իշխանության, ոտքի ելեք հանուն ձեր ու ձեր զավակների փրկության, հանուն մեր հավաքական վաղվա։ Պետք չէ շատ խորաթափանց լինել հասկանալու համար, որ եթե ոչինչ չփոխվի, ապա «թշնամու յաթաղանը կարող է մոտենալ յուրաքանչյուրիս պարանոցի ոսկորին»։

Մի՞թե Արցախում ադրբեջանցիների ցեղասպան քայլերը ոչինչ չեն հուշում մեզ։

Եթե որեւէ մեկին (հատկապես մեր ոստիկանությանն ու մնացած ուժային կառույցներին) թվում է, որ նրանք բավարարվելու են միայն Ռուբեն Վարդանյանով ու Դավիթ Բաբայանով, որ այդ մարդաորսը սահմանափակվելու է լոկ արցախյան գործիչներով՝ չարաչար սխալվում է։

Ի դեպ, ես միանում եմ Վարդան Օսկանյանի կոչին՝ դադարեցնել ցանկացած առարկայական բանակցություններ Ադրբեջանի հետ՝ մինչ արմատապես չլուծվի Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի ազատ արձակման հարցը, ձեռք չբերվի հստակ երաշխիքներով պայմանավորվածություն Արցախի Հանրապետության իշխանության պաշտոնյաների ու զենքը վայր դրած զինվորականների անվտանգ եվ անարգել Արցախից հեռանալու վերաբերյալ։ Այս ցանկին պետք է ավելացնել նաեւ դեռեւս 2020-ից Ադրբեջանի բանտերում խոշտանգվող մեր գերիների հետհանձնումը։

Համոզված եմ, որ նման պրոակտիվ քայլերով իշխանություններին կհաջողվի կանխել թշնամու՝ մեզ էլ ավելի ագրեսիվ պահանջներ ներկայացնելու մարտավարությունը։

Ցավոք, պատմության անիվը նոր թափ է հավաքում, եթե չկանգնեցնենք այն այսօր, վաղը  ուշ կլինի։

Նման կործանարար զարգացումներին դիմագրավելու գլխավոր պատասխանատվությունն, իհարկե, վերպահված է օրվա իշխանությանը։

Խոսքն այլեւս Հայաստանի մասին է եւ այլոց վրա պատասխանատվությունը բարդելու տարբերակ չկա։  

Ընդ որում,  հանրությունը սպասում է իշխանություններից հստակ ու տեսանելի քայլեր, որոնք պետք է չեզոքացնեն այն սպառնալիքները, որոնք ձեւավորվել են իրենց իսկ գործողությունների կամ անգործության հետեվանքով։ Այլապես հանուն մեր բոլորիս ապագայի, հանրության բոլոր շերտերը միասնաբար ու վճռականորեն պետք է հասնեն իշխանության հրաժարականին։

Այլընտրանք գոյություն չունի»: 

 --00—ՍՊ