Ոստիկանությունից հայտնել են, թե ինչու էին բերման ենթարկել Խոսրով Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

խոսրով հարությունյան

Ազատության հրապարակից մայիսի 17-ին ծեծի կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։

Խոսրով Հարությունյանի շահերի պաշտպան Դավիթ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է դեպքի առթիվ մի քանի արձանագրում և նշել, որ Ազատության հրապարակում քաղաքացու կողմից տեղի էր ունեցել ակնհայտ սադրանք, մասնավորապես վերջինս անպարկեշտ վարքագիծ էր ցուցաբերել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին։ Ըստ նրա՝ Հարությունյանը փորձել է տվյալ քաղաքացուն հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է Հարությունյանին։

Պաշտպանի պնդմամբ՝ Հարությունյանը որևէ կերպ չի պատասխանել այդ սադրանքին, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև նրան։

«Ոստիկանության ծառայողները տեղում գտնվելու և միջադեպին ականատես լինելու պայմաններում առնվազն հնարավորություն ունեին տարբերակել սադրանք իրականացնողին և հակահասարակական ու հակաիրավական վարքագիծ ցուցաբերողին և հարկադրանքի միջոցներ կիրառեին հասցեական, որի պայմաններում ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ էր պարոն Հարությունյանին բերման ենթարկելը։

Ցանկացած պարագայում նման կոշտ միջոցով բերման ենթարկելը համաչափ չէր։

Ոստիկանության բաժնում ոստիկանության ծառայողները գործել են պրոֆեսիոնալ ու հարգալից»,- գրել է Ավագյանը։

Պաշտպանը նաև հայտնել է, որ Խոսրով Հարությունյանը ազատ է արձակվել։

 

--00—ՄՀ