Այսօր կարիք ունենք հոգատարության, որպեսզի ապագայում անկախության օրը տոնենք մեր միասնական սխրանքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News 

հա

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը գրել է․

«Սիրելի՜ հայրենակիցներ,

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր ուրույն պատմությունն ունի՝ կապված Հայաստանի պետականության կառուցման դժվարին ուղու հետ։ Պատմության այս դժվար ժամանակաշրջանում ցանկանում եմ վերհիշել և վերապրել մեր անցած դժվարին ճանապարհից մի փոքրիկ հատված։

Ցանկանում եմ վերհիշել այն հոգատարությունը, որը համակել էր մեզ բոլորիս 90-ականների սկզբին, երբ Հայաստանը շրջափակված էր չորս կողմից. ամենօրյա  դեղորայքի, հացի, հոսանքի, կապի, սանիտարական տարրական պարագաների խիստ պակասի պայմաններում մարդիկ ամեն մի կտոր հացը կիսվում էին կարիքավորների հետ։

Նրանք, ովքեր փայտի վառարան կամ մարտկոցով աշխատող հեռուստացույց ունեին, երեկոյան հյուրընկալում էին հարևաններին․ ոմանք վառարանի վրա աղյուս էին տաքացնում՝ գիշերը երեխաների անկողինները տաքացնելու համար, ոմանք հեռուստացույց էին դիտում՝ ռազմաճակատից տեղեկություն ստանալու կամ ուղղակի առօրյա հոգսերից կտրվելու համար։

Անհնար է առանց հուզմունքի հիշել մեր ծնողների կրած զրկանքներն ու տառապանքները, ովքեր ջանք չէին խնայում ոչ միայն սնունդի ու առօրյա կենցաղային տարրական հարցերի լուծման, այլ նաև մեր կրթության ու մշակութային զարգացման համար։

Կային նաև նրանք, ովքեր կառավարության դիմաց ցույցեր էին անում, կառավարության հրաժարական պահանջում, դավաճան անվանում։ Այս տողերը որևէ մեկին մեղադրելու համար չեն․ մեր ժողովուրդը նրանց բոլորի պատասխանները վաղուց արդեն հնչեցրել է։

Այժմ միասին նոր խնդիրներ ենք հաղթահարում, աշխարհի ու աշխարհակարգի այս ճգնաժամային պայմաններում, ակամա հայտնվել ենք բազմաթիվ մարտահրավերների կիզակետում։

Այսօր, ավելի քան երբևէ, կարիք ունենք հոգատարության իրար նկատմամբ, որպեսզի միահամուռ ուժերով հաղթահարենք նաև այս դժվարությունը և ապագայում անկախության օրը տոնենք մեր միասնական սխրանքը, որովհետև այսպիսի պայմաններում համախմբված լինելը և իրար ըմբռնելը սխրանք է։

Շնորհավո՛ր անկախության տոնը»։

--00—ԼՀ