Սահմանադրագետը ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

մելո

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.

«Համայնքի ղեկավարի՝ Երեւանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերը.

Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (33 ձայն):

Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (33 ձայն), ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։

Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Երկրորդ փուլում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն այլևս անհրաժեշտ չէ:

Այսինքն, եթե, դիցուք՝ այս փուլում երկու քաղաքական ուժերը կոալիցիա կազմեն (Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունները), ապա կունենան ավագանու 32 մանդատ, որի արդյունքում կարող են առաջադրել և ընտրել համայնքի ղեկավար, եթե, իհարկե, չունենա մյուս երեք ուժերի համախմբում։

Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն (փաստացի երրորդ փուլ)՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց։ Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Կարևոր է ընդգծել, որ եթե ի սկզբանե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Այսինքն, եթե Ազգային Առաջընթաց Կուսակցությունը, Հանրային Ձայն կուսակցությունը կամ Մայր Հայաստան դաշինքը չառաջադրեն Երևանի քաղաքապետի թեկնածու, ապա Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունների թեկնածուն կընտրվի առաջին փուլով։

--00—ԼՀ