ԵԽ պատգամավորը ԵՄ-ին ու ԱՄՆ-ին կոչ է անում եռապատկել ջանքերը և ԼՂ-ի համար ընդունելի լուծում գտնելու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

եմ

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը կարծում է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրեն, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի  Լաչինի միջանցքի արգելափակումը եւ ապահովի երկկողմանի ազատ տեղաշարժը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում եվրապատգամավորը նշել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը, հետեւաբար նաեւ՝ խաղաղության պայմանագրի կյանքի կոչմանը։ Կովաչեւն անընդունելի եւ դատապարտելի է համարում Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարությունը չհարգելը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը փոխանակ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին, նոր մարդկանց է ձերբակալում։ Հայաստանի հարցերով զեկուցողն ընդգծել է՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ձեռք բերված երեք հիմնարար սկզբունքներից երկուսը չեն հարգվում՝ կա ուժի կիրառում եւ ինքնորոշման իրավունքը բոլորովին անտեսվում է։

-Պարոն Կովաչեւ, ո՞րն է Ձեր գնահատականը Լեռնային Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակին։

-Շատ տխուր եմ Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար իրավիճակի վատթարացման համար և կրկին ու կրկին միջազգային ճնշման և աջակցության կոչ եմ անում: Պետք է շարունակել Ադրբեջանի վրա ճնշում բանեցնել Լաչինի միջանցքի բացման համար, որը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ ուղիղ կապն է։ Պետք է նաեւ շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Ստեղծված իրավիճակը ակնհայտորեն խախտում է 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, որտեղ երաշխավորված էր, որ այդ միջանցքը գործելու է երկու ուղղություններով, և դրա երաշխավորը պետք է լինի այնտեղ ռուսական ռազմական ներկայությունը, բայց նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Սա կրկին ցույց է տալիս, որ ռուսները ոչ մի իրավիճակում վստահելի գործընկեր չեն, և մյուս միջազգային գործընկերները, ինչպես Եվրամիությունը, և հատկապես Ֆրանսիան, ինչպես նաև ԱՄՆ-ն, պետք է կրկնապատկեն և եռապատկեն իրենց ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար ընդունելի լուծում գտնելու համար։

-Արցախում հումանիտար աղետը, կարծես, այդքան էլ լուրջ չի ընդունվում ԵՄ գործադիրի կողմից։ Ո՞րն է այս անտարբերության, խոսքից գործի չանցնելու իրական պատճառը։

-Անտարբերություն չէի ասի։ Եվրախորհրդարանը բազմիցս քվեարկել է Լեռնային Ղարաբաղի հայերի օգտին և Լաչինի միջանցքի բացման համար։ Եվրամիությունը ռազմական միություն չէ, որը կարող է ուժով իրականացնել մեր ցանկությունները Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի երաշխավորման համար։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք այնտեղ ունենալ մեր մոնիթորինգային առաքելությունը։ Կարող ենք զանգահարել Ադրբեջանի նախագահին և պահանջել, որ նախ կատարվեն 2020 թվականից ստանձնած պարտավորությունները, ապա հարգվի նաև միջազգային դատարանի որոշումը։ Դա թույլ կտա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ունենալ նորմալ կյանք՝  ներառյալ պարենային անվտանգությունն ու բժշկական օգնությունը և կապահովի Լաչինի միջանցքի պատշաճ գործունեությունը երկու ուղղություններով։ Մեր նպատակներին հասնելու համար ճնշում գործադրելու փոխարեն մենք պետք է այս տարրերը դիտարկենք որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև համընդհանուր պայմանագրի մաս։ Այս համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի սահմանների սահմանազատումը, երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի հայերի համար, և դա չպետք է լինի բացառապես Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա։  Միջազգային երաշխիքներն անհրաժեշտ են հայերի առօրյան, կրթությունը, կրոնը, կարիերայի զարգացումը և սոցիալական բարեկեցությունը պաշտպանելու համար, քանի որ Լեռնային Ղարաբաղը նրանց հայրենի տունն է: Մյուս կողմից, այս բոլոր տարրերը պետք է ներառեն ենթակառուցվածքային ներդրումներ և հնարավորություն տան Ադրբեջանին մուտք գործել դեպի Նախիջևան։ Այս էական տարրերը պետք է լինեն երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի անբաժանելի մասը՝ խուսափելով ուժի կիրառումից կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տառապանքներ պատճառելուց։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ