ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահական առաջին բանավեճի մասին․ «Լույս» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

l-1LKbdBxGJV

«Լույս» հիմնադրամի վերլուծությունը ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահական առաջին բանավեճի մասին․

«2024 թվականին ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական հերթական ընտրությունները։ Եթե Դեմոկրատական կուսակցությունը պատրաստվում է աջակցություն հայտնել գործող նախագահ Բայդենին, ապա Հանրապետական կուսակցությունը պետք է դեռ ընտրի իր հիմնական թեկնածուին։ Թեկնածուի ընտրման համար կազմակերպվում են բանավեճեր, որոնց պահանջներին բավարարելու պարագայում թեկնածուն կարող է մասնակցել և իր նախագահական ծրագիրը ներկայացնել ԱՄՆ հանրության առջև։ Առաջին նման բանավեճը տեղի ունեցավ օգոստոսի 23-ին, որին մասնակցում էին 8 թեկնածուներ։ Սույն հոդվածում կներկայացվեն Հանրապետական կուսակցության առաջին բանավեճի մասնակցության հիմնական չափանիշները, դրանք բավարարած թեկնածուները, Թրամփի բացակայության պատճառները և բանավեճի ընթացքում քննարկված հիմնական թեմաները։

Հանրապետական առաջին բանավեճի մասնակցության պահանջները բավարարած թեկնածուները

2024թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Օգոստոսի 23-ին ԱՄՆ-ում կայացավ Հանրապետական կուսակցության նախագահական առաջին բանավեճը Միլվուկի քաղաքում, որը տևեց երկու ժամ։

Բանավեճին մասնակցելու համար նախօրոք սահմանվել էին հատուկ չափանիշներ, որոնց համապատասխանող թեկնածուները միայն կարող էին ԱՄՆ հանրության առջև հանդես գալ նախագահական բանավեճին։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ բանավեճը տեղի է ունենում փուլերով, և յուրաքանչյուր հաջորդ փուլի համար բանավեճի մասնակցության չափանիշները խստացվում են մասնակիցների համար։ Այսինքն՝ այն թեկնածուները, որոնց հաջողվել է մասնակցել բանավեճի առաջին փուլին, հնարավոր է չբավարարեն հաջորդ փուլի համար առաջադրված պահանջներին և չկարողանան մասնակցել հաջորդ բանավեճերին։

Այսպես, հանրապետական բանավեճին մասնակցելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն նախընտրական 3 չափանիշի։ Նախ, նրանք պետք է 1 տոկոս աջակցություն հավաքեն երեք ազգային հարցումներում կամ երկու ազգային հարցումներում և երկու հարցումներում, որոնք ստացվել են հանրապետականների նախնական ընտրություններում (փրայմերիզում) առաջինը քվեարկելու հնարավորություն ունեցող չորս նահանգներից։ Հարցումները պետք է անցկացված լինեն հուլիս-օգոստոս ամիսներին և ճանաչված Հանրապետական ազգային կոմիտեի կողմից: Միևնույն ժամանակ, թեկնածուն պետք է նաև ունենա առնվազն 40,000 առանձին նվիրատու՝ առնվազն 200 ներդրող 20 կամ ավելի նահանգներից և/կամ տարածքներից։ Պահանջներից վերջինն էլ այն է, որ թեկնածուները պետք է ստորագրեն մի փաստաթուղթ, որով պարտավորվում են աջակցել հանրապետական վերջնական թեկնածուին:

Օգոստոսի 21-ին Հանրապետական ազգային կոմիտեի նախագահ Ռոննա ՄակԴանիելը հայտարարեց հանրապետական այն թեկնածուների ցանկը, ովքեր բավարարել են բանավեճին մասնակցելու չափանիշները։ Նրանց թվում են՝ նահանգապետ Դագ Բըրգըմը, նահանգապետ Քրիս Քրիսթին, նահանգապետ Ռոն դե Սանտիսը, դեսպան Նիկկի Հեյլին, նահանգապետ Էյսա Հաթչինսոնը, փոխնախագահ Մայք Փենսը, Վիվեք Ռամասվամին, սենատոր Թիմ Սքոթը։

Առանձնացնենք հանրապետական առաջին բանավեճի մասնակից թեկնածուներին.

Ռոն դե Սանտիս՝ Ֆլորիդայի նահանգապետ։ 44 տարեկան է, դիտարկվում է, որպես հանրապետականների նոր ծագող աստղ և հենց Դե Սանտիսն է հանրապետականների շրջանում Թրամփի ամենագլխավոր մրցակիցը այս ընտրություններում։

Նիկկի Հեյլի՝ Թրամփի վարչակազմի նախկին անդամ, շուրջ երկու տարի եղել է վերջինիս աշխատակազմի ղեկավարը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչը (2017-2018)։ Հեյլին առաջինն էր, ով պաշտոնապես մտավ ընտրապայքար՝ ընդդեմ Թրամփի՝ 2023թ. փետրվարի 14-ին։ Հեյլին միակ կին թեկնածուն է, ով մասնակցել է հանրապետական բանավեճին։

Մայք Փենս՝ Թրամփի վարչակազմում ԱՄՆ նախկին փոխնախագահ (2017-2021), Ինդիանա նահանգի նախկին նահանգապետ (2013-2017)։ Թրամփի և Փենսի հարաբերությունները վատթարացան՝ կապված հունվարի 6-ին Կոնգրեսի գրոհի հետ, երբ Փենսը քննադատեց Թրամփին տեղի ունեցածի համար։ Դրանից հետո Փենսը որոշեց մտնել ընտրապայքար՝ որպես առանձին թեկնածու։

Թիմ Սքոթ՝ ԱՄՆ սենատոր՝ սկսած 2013-ից, նախկինում՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ։ Վերջինս միակ սևամորթ հանրապետական ներկայացուցիչն է Սենատում։

Քրիս Քրիսթի՝ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ (2010-2018)։ Եղել է նախագահական ընտրությունների թեկնածու նաև 2016-ին։

Էյսա Հաթչինսոն՝ Արկանզասի նախկին նահանգապետ (2015-2023)։ Նախկինում քննադատել էր Հանրապետական ազգային կոմիտեին՝ հանրապետական նախագահի թեկնածուին աջակցություն հայտնելու փաստաթղթի ստորագրման պահանջի համար, բայց ,այնուամենայնիվ, ստորագրեց դա, քանզի «վստահ էր, որ Թրամփը չի դառնա Հանրապետական կուսակցության թեկնածուն»։

Վիվեք Ռամասվամի՝ ԱՄՆ գործարար, ով ԱՄՆ 20 ամենաերիտասարդ միլիարդատերերի ցանկում է։

Դագ Բըրգըմ՝ Հյուսիսային Դակոտայի նահանգապետ։ Այս թեկնածուն առանձնանում է նրանով, որ վերջինս նվիրատվությունների անհրաժեշտ շեմը հաղթահարել է իր նվիրատուներին առաջարկելով 20 դոլար արժողությամբ նվեր քարտեր 1 դոլար նվիրատվության համար։

Հանրապետական առաջին բանավեճի թեկնածուների թվում բացակայում էր Դոնալդ Թրամփը, ով իրականում առաջատար թեկնածուն է։ Պատճառը կայանում է նրանում, որ նախկին նախագահը հրաժարվել է ստորագրել այն փաստաթուղթը, որով վերջինս պարտավորվելու է աջակցել վերջնական թեկնածուին։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Թրամփը նշել էր, որ կարող է նշել 3-4 անձանց, ում չէր ցանկանա աջակցել, այդ իսկ պատճառով ինքը չի ստորագրելու այդ փաստաթուղթը։ Իսկ բանավեճը բաց թողնելը Թրամփի համար խնդիր չէ, քանզի «մարդիկ գիտեն իր կատարած աշխատանքը՝ երբևէ լավագույններից մեկը», այդ իսկ պատճառով նա բանավեճին մասնակցելու իմաստ չի տեսնում։ Փոխարենը Թրամփը պլանավորում է հարցազրույց տալ «Fox News»-ի շրջանակներում։

Այդուհանդերձ, Թրամփի թեկնածության հետ կապված հակասությունները դրանով չեն ավարտվում։ Թրամփը մտնում է այս ընտրապայքար՝ իր դեմ ունենալով մոտ 100 քրեական մեղադրանք 4 տարբեր նահանգներում, ինչը բնականաբար անհանգստացնող հանգամանք է։ Հարց է առաջանում. արդյո՞ք հնարավոր մեղադրական դատավճիռները ազդեցություն կունենան Թրամփի՝ նախագահ դառնալու հնարավորության վրա։ Իրականում, անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում Թրամփը կկարողանա շարունակել պայքարը նախագահի պաշտոնի համար (սակայն, հավանաբար, չի կարողանա քվեարկել իր նահանգում (Ֆլորիդա)։ ԱՄՆ նախագահ դառնալու պահանջները պարզ են. անձը պետք է լինի առնվազն 35 տարեկան, ծնված լինի ԱՄՆ-ում և 14 տարի բնակված լինի ԱՄՆ-ում։ Սահմանադրությունում չկա ոչինչ այն մասին, որ քրեական անցյալը կամ նախկին բանտարկությունը կարող են խոչընդոտող հանգամանք լինել նախագահի պաշտոնը ստանձնելու համար։

Այսպիսով, թեև բոլոր հարուցված գործերը խնդիր են հանդիսանում Թրամփի համար ընտրական պայքարի շրջանակներում, իրավական տեսանկյունից որևէ լուրջ սահմանափակումներ չեն առաջացնում։

Հանրապետական առաջին բանավեճի առանցքային թեմաները

Հանրապետական առաջին բանավեճի ընթացքում ընդհանուր առմամբ բոլոր թեկնածուները հանդես էին գալիս ներկայիս վարչակազմի խիստ քննադատությամբ՝ փորձելով ապացուցել, որ հենց իրենք են լավագույնս պատրաստ ստանձնելու նախագահի պաշտոնն ու երկիրը դուրս բերելու բոլոր խնդիրներից։

Քննարկված թեմաների տեսանկյունից կարելի է առանձնացնել մի քանի հիմնական դրվագներ և թեմաներ։

Աջակցություն Ուկրաինային

Ուկրաինային պատերազմական աջակցություն տրամադրելը բանավեճի քննարկման առանցքային թեմաներից էր։ Մինչ այժմ ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի համար տրամադրել է ավելի քան 77 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն, և ներկայումս ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսին խնդրել է հատկացնել ևս 24 միլիարդ ԱՄՆ դոլար։ Բանավեճի ընթացքում հնչեց հարց, թե արդյո՞ք նախագահ դառնալու դեպքում նախագահի հանրապետական թեկնածուները կաջակցեն այդ օգնության ավելացմանը։ Հետաքրքիր էր այն փաստը, որ 8 թեկնածուներից ընդամենը 2-ը այլակարծիք էինք։ Նրանց թվում էին Ռոն դե Սանտիսը և Վիվեք Ռամասվամին, ովքեր դեմ արտահայտվեցին Ուկրաինայի աջակցության ծավալների մեծացմանը։

Ըստ Դե Սանտիսի՝ Եվրոպայի հերթն է, որ միջամտի և իր աջակցությունը ցուցաբերի ուկրաինական պատերազմին։ «Այս պահին նրանք դա չեն անում»։ Ռամասվամին իր հերթին կարծում է, որ ԱՄՆ-ի համար կործանարար է այն, որ իրենք պաշտպանում են մեկ այլ երկրի սահմանները ներխուժումից այն ժամանակ, երբ «այդ նույն միջոցները պետք է օգտագործվեն ԱՄՆ-ի հարավային սահմանները ներխուժումից պաշտպանելու համար»։ Նրա կարծիքով, այդ քայլով իրենք Ռուսաստանին ավելի են մոտեցնում Չինաստանին։ Իսկ «Ռուսաստան-Չինաստան դաշինքը միակ մեծագույն վտանգն է, որ ծառացած է ԱՄՆ-ի առջև»։

Հանրապետական մյուս բոլոր թեկնածուները հանդես եկան ի աջակցություն Ուկրաինային հավելյալ օգնության տրամադրմանը։ Նրանց թվում կային թեկնածուներ, ովքեր եղել էին Ուկրաինայում և անձամբ ծանոթացել իրավիճակին։

Նախկին փոխնախագահ Մայք Փենսը առաջին հանրապետական թեկնածուն է, ով այց է կատարել Ուկրաինա։ Նա հավատացած է, որ Ռուսաստանին՝ Ուկրաինայի տարածքները գրավելու թողտվություն տալու դեպքում շատ կարճ ժամանակ անց Ռուսաստանին կանցնեն Ուկրաինայի սահմանները, և այդ ժամանակ «մեր տղամարդիկ և կանայք ստիպված են գնալ և կռվել։ Ես ցանկանում եմ, որ ուկրաինացիները կռվեն և դուրս մղեն նրանց»։

Քրիս Քրիսթին՝ Նյու Ջերսիի նախկին նահանգապետը երկրորդ հանրապետական թեկնածուն է, ով այցելել է Ուկրաինա Մայք Փենսից հետո։ Քրիսթին այցի շրջանակներում եղել էր Բուչայում, որի բնակիչները ներկայացրել էին խոշտանգումների, բռնաբարության ամենասարսափելի դեպքերը, որոնց հետևում կանգնած է Վլադիմիր Պուտինը։ Քրիսթին նաև քննադատեց Թրամփին Վլադիմիր Պուտինին աջակցելու համար՝ ասելով նաև, որ սա այն Վլադիմիր Պուտինն է, որին Թրամփը անվանել է հիանալի և հանճարեղ մարդ, և եթե մենք չկանգնենք աշխարհում այս տեսակի ավտոկրատական սպանությունների դեմ, մենք կլինենք հաջորդը»։

Նիկկի Հեյլին Ուկրաինան նկարագրեց որպես «ամերիկամետ երկիր, որը գրավված է հանցագործի կողմից»։ Նա ներկայացրեց, որ «ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի ընդամենը 3.5%-ն է տրամադրվել Ուկրաինային, իսկ ՀՆԱ-ի տոկոսով դիտարկելիս եվրոպական 11 երկրներ Ուկրաինային ԱՄՆ-ից շատ օգնություն են տրամադրել»։ Ըստ Հեյլիի՝ Ուկրաինան Ռուսաստանին հանձնելու դեպքում, «Չինաստանը կկլանի Թայվանը… Պուտինը մի առիթով ասել է, երբ Ռուսաստանը վերցնի Ուկրաինան, Լեհաստանը և Բալթյան երկրները հաջորդն են լինելու, իսկ դա Համաշխարհային պատերազմ է։ Մենք փորձում ենք կանխել պատերազմը»։

Չինաստանի զսպումը

Մեկ այլ առանցքային թեմա, որը քննարկվեց հանրապետական բանավեճի ժամանակ, Չինաստանին զսպելու թեման էր։ Չնայած հարկ է նշել, որ թեկնածուները շատ մակերեսային անդրադարձան այս թեմային և, ըստ էության, սա այն թեման է, որ բուռն արձագանք կստանա հետագա բանավեճերի ընթացքում։

Դագ Բըրգըմի կարծիքով Չինաստանը ԱՄՆ-ի համար մեկ խնդիրն է։ Ըստ նրա՝ Ռուսաստանը դարձել է Չինաստանի բենզալցակայանը՝ Բայդենի՝ չինական քաղաքականությունը ներկայացնելով որպես լիովին տապալված։ Նա նշում է, որ Թայվանում իրենց անհրաժեշտ են հականավային հրթիռներ, քանի որ, նրա ներկայացմամբ, ուժի տեսանկյունից պետք է պատրաստվել խաղաղության։

Քրիս Քրիսթին էլ անդրադարձավ ֆենտանիլի հարցին, քանի որ վերջինիս քիմիական տարրերը պատրաստվում են հենց Չինաստանում և այնուհետև տրամադրվում կարտելների հանցագործներին՝ ֆենտանիլի պատրաստման համար, որի հետևանքով մահանում են հարյուրհազարավոր ԱՄՆ քաղաքացիներ։ «Սա Չինաստանի կողմից պատերազմ է մեր դեմ՝ սպանելով մեր քաղաքացիներին։ Լավ կանենք այս թեման համար մեկ առաջնահերթությունը դարձնենք Չինաստանի հետ բանակցություններում։ Եթե դա չանենք, ապա մենք էլ ավելի շատ քաղաքացիներ կկորցնենք»։

Հղիության արհեստական ընդհատում

ԱՄՆ Սահմանադրական դատարանի կողմից «Ռոուն ընդդեմ Վեյդի» դատական որոշմամբ սահմանված Հղիության արհեստական ընդհատման իրավունքի սահմանափակմամբ, վերջինս դարձավ ԱՄՆ քաղաքական կյանքի ամենակարևոր հարցերից մեկը։ Բնականաբար, սա նաև քննարկվեց բանավեճի ժամանակ։ Բոլոր թեկնածուները իրենց բնորոշեցին որպես «կյանքի կողմնակից», սակայն օրենսդրական սահմանափակումների մասով կարծիքները տարբերվում են։ Մի մասը կողմ է դաշնային մակարդակով հղիության արհեստական ընդհատման սահմանափակմանը, մինչդեռ կան թեկնածուներ, որ կարծում են դա պետք է կարգավորվի յուրաքանչյուր նահանգի կողմից։

Այս հարցի շուրջ առաջինը ելույթով հանդես եկավ միակ կին թեկնածուն՝ Նիկկի Հեյլին։ Վերջինս նշեց, որ անհրաժեշտ է այս հարցում գտնել կոնսենսուս, օրինակ՝ համաձայնել հղիության ընդհատման արգելքին հղիության վերջին ամիսների ընթացքում, կամ չստիպել բժիշկներին և բուժքույրերին իրականացնել հղիության ընդհատում, եթե դա իրենց սկզբունքներին հակասում է։

Դե Սանտիսը մեջբերեց Ֆլորիդայում իր կողմից ստորագրված բանաձևը, որով արգելվում է հղիության ընդհատումը 6 շաբաթ անց։ Այդուհանդերձ նա հստակ չպատասխանեց՝ արդյո՞ք դաշնային մակարդակով սահմանափակում կփորձի մտցնել, թե՞ ոչ, և արդյո՞ք կլինի 6 շաբաթվա սահմանափակում կլինի, թե՞ 15, ինչպես պնդում էին այլ թեկնածուներ։

Փենսը՝ լինելով ավետարանական, այս հարցում ամենակոշտ դիրքորոշումն ունի։ Վերջինս քննադատեց Հեյլիին՝ նշելով, որ կոնսենսուսը առաջնորդության հականիշն է։ Ըստ Փենսի՝ պետք է լինի դաշնային սահմանափակում, որը կապահովի նվազագույն չափանիշներ բոլոր նահանգներում, ինչպես, օրինակ՝ հղիության արհեստական ընդհատման սահմանափակում 15 շաբաթ անց։

Հեյլին բնականաբար արձագանքեց՝ նշելով, որ ԱՄՆ ոչ մի նախագահ չի կարող արգելել հղիության արհեստական ընդհատումը դաշնային մակարդակով, քանզի դրա համար պարզապես չկան բավարար ձայներ Սենատում։

Դագ Բըրգըմը միակ թեկնածուն էր, ով բացեիբաց խոսեց դաշնային մակարդակով հարցի կարգավորման դեմ՝ մեջբերելով Սահմանադրության տասներորդ լրացումը։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր նահանգ պետք է ինքնուրույն կարգավորի այս հարցը։

Թիմ Սքոթը ևս հանդես եկավ դաշնային մակարդակով սահմանափակմանը կողմ՝ 15 շաբաթվա շեմով։

Աջակցությունը Թրամփին՝ վերջինիս դատապարտվելու պարագայում

Հաշվի առնելով Թրամփին առաջադրված բազմաթիվ մեղադրանքները և այն, որ վերջինս այժմ հանդիսանում է առաջատար թեկնածուն, բանավեճի հարցերից մեկը վերաբերում էր վերջինիս աջակցությանը։ Նախ, բոլոր մասնակիցները ստորագրել էին փաստաթուղթ, որով պարտավորվում են աջակցել վերջնական թեկնածուին։ Այդուհանդերձ, երբ հարցը հնչեց, ոչ բոլորն էին համակարծիք այս հարցում։ Բոլորը նշեցին, որ կաջակցեն, բացի Հաթչինսոնից, իսկ Քրիսթին ձեռք բարձրացրեց վերջին պահին՝ մեծ կասկածամտությամբ։

Ըստ Քրիսթիի՝ կարևոր է ընդունել, որ անկախ նրանից՝ Թրամփը մեղավոր է, թե ոչ իրեն առաջադրված հանցանքներում, հանցանքն ինքնին անընդունելի է։

Այս հարցում Թրամփի ամենակարկառուն աջակիցը Ռամասվամին էր, ում կարծիքով Թրամփը 21-րդ դարի լավագույն նախագահն է։

Արդյո՞ք Փենսը ճիշտ է վարվել 2021թ. հունվարի 6-ին

Այս հարցը ևս կապված է նրա հետ, որ Փենսը ճանաչել է ընտրությունները և ըստ այդմ Բայդենի հաղթանակը՝ հակառակ Թրամփի հորդորին։ Այս հարցում թեկնածուները գրեթե միասնական էին, որ Փենսի գործողությունները ճիշտ և իրավաչափ էին։ Հաթչինսոնը նշեց, որ այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ հունվարի 6-ին, Թրամփն իր համար բարոյապես դադարել է արժանի թեկնածու լինելուց։ Իսկ ըստ Քրիսթիի՝ Փենսը պաշտպանել է ԱՄՆ Սահմանադրությունը և դրա համար արժանի է շնորհակալության (ի տարբերություն Թրամփի, որ իր անձնական շահի համար պատրաստ էր շրջանցել Սահմանադրությունը)։ Դե Սանտիսը, Սքոթն ու Հեյլին ևս իրենց աջակցությունը հայտնեցին Փենսին։ Հենց այս հարցի շուրջ էր, որ բռնկվեց Փենսի և Ռամասվամիի միջև վեճը՝ կապված նախագահ դառնալու պարագայում Թրամփին ներում շնորհման հետ։

Ռամասվամին որպես հաճախ թիրախի տակ հայտնված թեկնածու

Ռամասվամին այս ընտրություններում փորձում էր հանդես գալ որպես թեկնածու, ով նախկինում չի եղել այս կամ այն քաղաքական թիմի անդամ և ըստ այդմ առավել լավ պատկերացում ունի կուտակված խնդիրների հաղթահարման մասին։ Մինչդեռ, սա հենց հիմնական քննադատության թիրախ դարձավ։ Մայք Փենսը նշեց, որ «ժամանակը չէ աշխատելու ընթացքում փորձ հավաքելու համար։ Մենք նորեկի, անփորձ մարդկանց կարիք չունենք»։ Ռամասվամիին քննադատեց նաև Քրիս Քրիսթին, ով հղում կատարեց Ռամասվամիի բացման ելույթին։ Դրա ընթացքում Ռամասվամին իրեն ներկայացրել էր որպես հանրությանն անհայտ և անհասկանալի ազգանուն ունեցող անձ, ով, սակայն, իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասել է մեծ բարձունքների, հայրենասեր է և նախագահի լավագույն թեկնածուն։ Քրիսթին նշեց, որ վերջին անձը, ով նման ելույթով հանդես էր եկել, Բարաք Օբաման էր, և ամենայն հավանականությամբ Ռամասվամին նրա նման դիլետանտ է։

Ավելի ուշ Փենսի և Ռամասվամիի միջև ևս մի քանի վեճ եղավ։ Երբ Ռամասվամին խոսեց ազգային ինքնության ճգնաժամի մասին, Փենսը կտրուկ հակադարձեց՝ նշելով, որ նման խնդիր չկա, և ԱՄՆ ժողովրդին պարզապես պետք է իր պես լավ ղեկավար։ Ռամասվամին նշեց, որ Փենսը փորձում է իրավիճակը վառ գույներով ներկայացնել՝ չնայած իրականում ԱՄՆ-ում լրջագույն խնդիրներ կան։

Մեկ այլ վեճ կապված էր Թրամփի աջակցության հետ։ Ռամասվամին պնդում էր, որ մյուս թեկնածուները, մասնավորապես՝ Փենսը, միանան իրեն՝ խոսք տալով, որ ներում կշնորհեն Թրամփին՝ նախագահության առաջին իսկ օրը։ Սրան Փենսը պատասխանեց, որ ներում շնորհում են, երբ մեղքն արդեն իսկ ապացուցված է։ Բացի այդ, Փենսը նշեց, որ պահպանելով անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ փաստն այն է, որ Թրամփն իրեն խնդրել էր չճանաչել ընտրության արդյունքները։

Այսպիսով, Հանրապետականների առաջին նախագահական բանավեճը ավելի շատ թեկնածուների հետ ծանոթացման բնույթ էր կրում։ Թեև քննարկվեցին ԱՄՆ-ի համար կարևոր հիմնական թեմաները, այնուամենայնիվ, տեղի չունեցավ խոր վերլուծություն ու քննարկում դրանց շուրջ, իսկ որոշ հարցեր էլ չարժանացան անհրաժեշտ ուշադրության։ Թեկնածուները հնարավորություն ունեն լրացնել այս բացերը հաջորդ բանավեճերի ընթացքում։

ԱՄՆ Հանրապետական կուսակցության հաջորդ բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ Կալիֆոռնիա նահանգում։ Այս բանավեճին մասնակցելու չափանիշները առավել խիստ են։ Մասնավորապես, այս փուլում թեկնածուներին անհրաժեշտ է ստանալ 50,000 անհատական նվիրատվություններ (10,000-ով ավելի, քան առաջին բանավեճի համար)։ Բացի այդ, թեկնածուներին անհրաժեշտ է հավաքել 3% աջակցություն երկու ազգային հարցումներում կամ մեկ հարցման և նախնական ընտրություններում (փրայմերիզում) առաջինը քվեարկելու հնարավորություն ունեցող երկու նահանգային հարցումներում (առաջին բանավեճի դեպքում անհրաժեշտ էր 1%)»։

--00—ՅՄ