ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուները և ընտրությունների անցկացումը․ «Լույս» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

104486781_730465091058848_1892777138015511005_n

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուները և նախնական ընտրությունների անցկացումը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահական ընտրությունների համար առաջադրվել են երեք թեկնածուներ, որոնց թվում են ներկայիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրող Մարիան Ուիլյամսոնը և Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը։ Այս երեք թեկնածուների միջև որևէ բանավեճ չի կազմակերպվելու՝ Դեմոկրատական ազգային համագումարի որոշման համաձայն, քանզի Բայդենը, լինելով գործող նախագահ, արդեն իսկ ընդունվում է որպես Դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածու։

Նախագահ Բայդենը իր քարոզարշավը սկսել է ապրիլի 25-ին՝ նախկին հաղթական նախընտրական քարոզարշավից ուղիղ 4 տարի անց։ Բայց ոչ բոլոր դեմոկրատներն են ուրախ վերջինիս առաջադրման համար։ Չնայած նրան, որ կան հարցումներ, ըստ որոնց՝ դեմոկրատների միայն 26%-ն է ցանկանում, որ Բայդենը լինի 2024թ. նախագահի դեմոկրատ թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից, ինքը՝ նախագահը, համաձայն չէ դրա հետ։ Ըստ իր մեկնաբանության՝ պետք է առաջնորդվել այդ նույն հարցման այն արդյունքներով, ըստ որոնց, եթե ինքը առաջադրվեր, ապա հարցվածների 92%-ը կքվեարկեր իր օգտին: Այս հայտարարությունը, սակայն, որոշ չափով ապակողմնորոշիչ էր. դեմոկրատների 92%-ը նշել էր, որ կքվեարկեր Բայդենի օգտին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ համընդհանուր ընտրությունների ռևանշի ժամանակ, այլ ոչ թե դեմոկրատների նախնական ընտրություններում:

Դեմոկրատների հաջորդ թեկնածուն Մարիան Ուիլյամսոնն է, ով առաջին դեմոկրատն էր, որ իր թեկնածությունը առաջադրեց 2024թ. նախագահական ընտրություններում՝ հայտարարելով իր քարոզարշավի մասին մարտ ամսին։ Ուիլյամսոնին՝ որպես նախագահի թեկնածու բարկացրել է բանավեճ չիրականացնելու որոշումը։ Ըստ Ուիլյամսոնի՝ Դեմոկրատների ազգային համագումարը որոշել է բանավեճ չանցկացնել՝ անկախ Ջո Բայդենի նկատմամբ ընտրություններում իր և Ռոբերտ Քենեդի կրտսերի առաջընթացից: Ուիլյամսոնը հույս է հայտնել, որ համագումարը կհասկանա, որ դեմոկրատները բանավեճ են ուզում, և մարդիկ իրավունք ունեն հասկանալու ինչպիսի թեկնածուներ են ներգրավված մրցապայքարում:

Դեմոկրատ Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը նույնպես հավակնում է նախագահի պաշտոնին: Վերջինս պատվաստման դեմ պայքարող ակտիվիստ է և երկրի ամենահայտնի քաղաքական ընտանիքներից մեկի՝ Քենեդիների ժառանգը։ Քենեդին ապրիլի 5-ին Դաշնային ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր թեկնածությունը: Ռոբերտ Ֆ. Քենեդին, նախագահ Ջոն Ֆ. Քենեդու եղբոր որդին է։ Վերջինս բեսթսելերի հեղինակ է և բնապահպան իրավաբան: Բայց ավելի քան 15 տարի առաջ նա սկսեց հանդես գալ այն համոզմունքով, որ պատվաստանյութերը անվտանգ չեն, և դարձավ հակապատվաստման պայքարի առաջատարներից մեկը։ Նրա աշխատանքները հանրային առողջության փորձագետների կողմից և նույնիսկ իր անդամների կողմից նկարագրվել են որպես ապակողմնորոշիչ և վտանգավոր։ Նախագահի դեմոկրատ թեկնածու Քենեդի կրտսերը նույնպես դեմ է բանավեճ չիրականացնելու որոշմանը։ Նա «Fox News»-ի լրագրողի հետ զրույցում նախագահ Բայդենին հրավիրել է բանավեճի՝ ասելով, որ Բայդենի համար լավ չէ խոսել միայն իր դոնորների հետ: Ըստ Քենեդիի՝ նախագահի աշխատանքը պահանջում է, որ վերջինս լինի «լավ մարզավիճակում… Եթե նա զգում է, որ պատրաստ է դրան, ապա պետք է բանավիճեր ինձ հետ»։

Ճիշտ է, Դեմոկրատական կոսւակցության կողմից չեն իրականացվելու բանավեճեր, այդուհանդերձ նախնական ընտրությունների իրականացումն անխուսափելի է, որքան էլ որ ակնհայտ լինի կուսակցության թեկնածուն։ Ընդհանուր առմամբ, գործում է այսպես կոչված Դեմոկրատական կուսակցության ազգային օրացույց, որտեղ սահմանվում է այն հերթականությունը, որով նահանգներում իրականացվում են նախնական ընտրություններ։ Երկար տարիներ առաջին նահանգների մասով փոփոխություններ չեն եղել։ Այդուհանդերձ, Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը 2023թ. փետրվարին հաստատեց Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունների ազգային նոր օրացույցը՝ խոստանալով վերանայել այն 2028թ. նախագահական ընտրություններին ընդառաջ։

Ըստ նոր օրացույցի՝ առաջին նահանգը, որտեղ կանցկացվեն նախնական ընտրությունները, կլինի Հարավային Կառոլինան։ Ընդհանրապես, առաջին մի քանի նահանգները շատ մեծ դեր ունեն վերջնական թեկնածուի ընտրման հարցում, քանզի այդ նահանգներում իրականացվող ընտրական քարոզարշավի համար գումարների հավաքագրման կամ քաղաքական ազդեցության ավելացման տապալումը ի վերջո հանգեցնում է ընտրապայքարից դուրսմղման։ Շատ թեկնածուներ չեն կարողանում հաղթահարել ավելի քան հինգ նահանգային նախնական ընտրություն։

Ըստ ոմանց՝ Հարավային Կառոլինայում, որը չի աջակցել որևէ դեմոկրատ թեկնածուի նախագահական ընտրություններում՝ սկսած 1976-ից, չպետք է կենտրոնանա նախնական ընտրությունների այդքան ռեսուրս։ Մյուս կողմից՝ նահանգի բնակչության մոտ 27%-ը սևամորթ է, իսկ աֆրոամերիկացիները Դեմոկրատական կուսակցության ամենահաստատուն աջակիցներն են։

Այս քայլը կհանգեցնի նրան, որ Նյու Հեմփշիրը, որը 1920 թվականից ի վեր պաշտոնապես հյուրընկալել է երկրի առաջին նախնական ընտրությունները (Այովան օգտագործում է մի փոքր այլ՝ խմբակային (ընտրիչներով) կամ անձամբ քվեարկությամբ համակարգ), զիջելու է իր առաջին ընտրող նահանգի կարգավիճակը: Ե՛վ Այովան, և՛ Նյու Հեմփշիրը հիմնականում սպիտակամորթ բնակչությամբ նահանգներ են: Դեմոկրատական կուսակցության ներսում և դրա սահմաններից դուրս շատանում էին բողոքներ այն հարցով, որ առաջինը քվեարկելու իրավունք պետք է ստանա ԱՄՆ այն նահանգը, որը բնակչության ավելի բազմազան ներկայացուցչություն ունի և ավելի խոր է արտացոլում ԱՄՆ ժողովրդագրական ներկայացվածության պատկերը։

Այս փոփոխությունների հետևում կանգնած է ներկայիս նախագահ Ջո Բայդենը։ Վերջինիս համար այս օրացույցի փոփոխությունը գրեթե ազդեցություն չի ունենա, քանզի նա գլխավոր թեկնածուն է, և լուրջ հակառակորդներ չկան։ Մի քանի ամիս առաջ վերջինս բաց նամակ էր ուղարկել Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին՝ առանձնացնելով իր պատճառները, թե ինչու պետք է փոխել հաստատված հերթականությունը։ Ըստ Բայդենի՝ անհրաժեշտ է ապահովել, որ ոչ սպիտակ ընտրողները ևս ունենան վճռորոշ դեր թեկնածուի ընտրման սկզբնական փուլերում. «1. Սևամորթ ընտրողները տասնամյակներով եղել են Դեմոկրատական կուսակցության հիմքը։ Մենք հույս ենք դնում նրանց վրա ընտրությունների ժամանակ, բայց չենք ընդունում նրանց կարևորությունը օրացույցում։ Ժամանակն է նրանց ձայնն ավելի լսելի դարձնել նախնական ընտրական գործընթացում… 3. Նախնական նահանգները պետք է արտացոլեն մեր ազգի և երկրի բազմազանությունը՝ տնտեսական, աշխարհագրական և ժողովրդագրական առումներով…»։

Բնականաբար, Նյու Հեմփշիրը վրդովված է այս փոփոխություններից։ Նյու Հեմփշիրի պաշտոնյաները փորձում են պահպանել իրենց՝ երկրում առաջինի կարգավիճակը և պնդում են, որ իրենք պարզապես իրենց նախնական ընտրությունները կտեղափոխեն Հարավային Կառոլինայից ավելի շուտ: Արդյունքը մնում է անորոշ։ Երկրում առաջին նախնական ընտրությունների անցկացումը, անշուշտ, մեծ օգուտներ է բերում նահանգին։ Նախագահի թեկնածուները բազմիցս այցելում են տվյալ նահանգ։ Նրանց հետ միասին այցելում են նաև քարոզարշավների կազմակերպիչները և լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք մեծ գումարներ են ծախսում տվյալ նահանգում: Զարմանալի չէ, որ Նյու Հեմփշիրն այդքան ջանասիրաբար պայքարում է իր արտոնությունը պահպանելու համար:

Ոչ մի ապացույց չկա, որ Նյու Հեմփշիրի ընտրողները նախագահներ ընտրելու առանձնահատուկ այնպիսի տաղանդ ունեն, ինչը չունեն մյուս ամերիկացիները:

Նյու Հեմփշիրը դեմ է քվեարկել վերջին երեք դեմոկրատ նախագահներից յուրաքանչյուրին՝ իրենց վերջնական հաղթական առաջադրման քարոզարշավի ընթացքում. Ջո Բայդենին՝ 2020թ. (ով զբաղեցրել է հինգերորդ տեղը), Բարաք Օբամային՝ 2008թ. և Բիլ Քլինթոնին՝ 1992թ.։

Դեմոկրատների երկու նստաշրջանում նախագահական ժամկետ երբևէ չի սկսվել Նյու Հեմփշիրում հաղթանակով:

Ամենաակնառու օրինակն այն է, որ Նյու Հեմփշիրը կողմնակից է հարակից նահանգների դեմոկրատներին՝ անկախ նրանց գաղափարախոսությունից կամ ազգային գրավչությունից: Ամեն անգամ, երբ հարևան Մասաչուսեթսի կամ Վերմոնտի խոշոր թեկնածուն առաջադրվել է վերջին 35 տարվա ընթացքում, այդ թեկնածուն հաղթել է Նյու Հեմփշիրում:

«Լույս» հիմնադրամ

--00—ՅՄ