Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի դեսպանը կարևորել են 2 երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին գալիք ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ և մաղթել շարունակական զարգացում ու բարգավաճում:

«Խնդրում եմ իմ ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նաև հարգարժան նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին»,- ասել է նախագահը և ցանկություն հայտնել, որ երկու երկրների ղեկավարությունն անի ամեն հնարավորը՝ հայ-եգիպտական դարավոր բարեկամությունն առավել ամրապնդելու և զարգացնելու նպատակով:

Դեսպան Սերենադ Գամիլը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար: «Սա, իրապես, մեծ պատիվ է մեզ համար, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում և արժևորում: Մեր նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում մենք զգացինք այն պատմական հարաբերությունների խորությունը, որը առկա է մեր երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաև քաղաքական մակարդակում և բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Միևնույն ժամանակ, մենք շատ հպարտ ենք այն մեծ ուշադրության և հոգածության համար, որն ընձեռվում է հայ-եգիպտական հարաբերությունների խորացմանը: Շնորհակալություն ենք հայտնում այն ուշադրության համար, որ անձամբ Դուք ընձեռում եք այդ հարաբերություններին: Շնորհակալ ենք շնորհավորական ուղերձի և մեր նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ողջույնի խոսքեր փոխանցելու համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը: Շեշտվել է փոխայցելությունների դրական ազդեցությունը երկու երկրների տնտեսական ոլորտում և գործարար միջավայրում նոր հետաքրքրությունների առաջացման և կապերի սերտացման վրա:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Երևան-Կահիրե ուղիղ չվերթների իրականացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է աշնանը նախատեսված հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որը կնպաստի հայ-եգիպտական համատեղ օրակարգի հարստացմանը:

Կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի, առողջապահական և այլ ոլորտներում արդյունավետ փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացմանն ուղղված ջանքերի խթանումը:

--00—ԶՀ