ՌԴ-ն պարզաբանում է ակնկալում Թուրքիայից՝ «Ազովի» հրամանատարներին Կիևին վերադարձնելու առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

2485181c-e6d7-490e-8521-f6ce1ed5a9e2.jpg

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսություն են վարում բարձր և ամենաբարձր մակարդակներում, և Մոսկվան կօգտագործի այդ ուղիները՝ Անկարային բացատրելու իր դիրքորոշումը «Ազով» գնդի հրամանատարներին Կիևին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

«Ինչ վերաբերում է «ազովցիների» ղեկավարների վերադարձին, ապա այո՛, սա գործող համաձայնագրի խախտում է, և մենք դա կքննարկենք թուրքական կողմի հետ, ինչն, ըստ էության, արդեն սկսել ենք անել», - ընդգծել է Պեսկովը։

«Շատ կարևոր է, որ Թուրքիան, ի տարբերություն, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի մի շարք երկրների, երկխոսություն է վարում մեզ հետ և ավելին, այն վարում է բարձր և ամենաբարձր մակարդակի վրա: Մենք այս երկխոսության ուղիները կօգտագործենք, որպեսզի նախ՝ պարզաբանենք մեր դիրքորոշումը, և, իհարկե, այս իրավիճակը հաշվի կառնենք տարբեր ոլորտներին առնչվող հետագա համաձայնագրերում», - հավելել է Կրեմլի խոսնակը։

Ռուսական կողմը, Թուրքիայի հետ երկխոսելով, ակնկալում է պարզաբանումներ ստանալ «Ազով» գնդի հրամանատարներին Կիև տեղափոխելու հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

«Իհարկե, մեր երկխոսության ընթացքում մենք ակնկալում ենք նաև կատարվածի առնչությամբ պարզաբանումներ ստանալ թուրքական կողմից, և մենք դա հաշվի կառնենք, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ հետագա պայմանավորվածությունների դեպքում», - ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի խոսնակը նաև հավելել է, որ ստեղծված իրավիճակը չի անդրադառնա Թուրքիայի հետ գազային համատեղ հանգույց ստեղծելու ծրագրերի իրականացման վրա, և Մոսկվան մտադիր է շարունակել իր հարաբերությունները Թուրքիայի հետ։

Հունիսի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ երկիր է վերադառնում «Ազով» գնդի 5 հրամանատարների հետ․ նրանք Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից դուրս գալուց հետո, պայմանավորվածությունների համաձայն, տեղափոխվել էին Թուրքիա և մինչև ռազմական գործողությունների ավարտը չպետք է վերադառնային Ուկրաինա։

--00—ԶՀ