Քաղաքացի Մ.Ս.-ից խարդախությամբ հափշտակվել է 45 հազար ԱՄՆ դոլար. դատախազը գործն ուղարկել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

f5e955b3d43e64_5e955b3d43eb2

Դատախազը 2023 թվականի հունիսի 9-ին հաստատել է քաղաքացի Մ.Ս.-ի խախտված իրավունքների գործով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ քաղաքացի Մ.Ս.-ն 2022 թվականի մայիսին Գլխավոր դատախազության շենքի մոտ հացադուլ էր հայտարարել՝ դժգոհելով անարդարությունից, հովանավորչությունից՝ խնդրելով քայլեր ձեռնարկել իր խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ:

Դատախազության կողմից միջոցներ էին ձեռնարկվել՝ տևական ժամանակ քննվող քրեական վարույթով առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզվել էր և հարուցվել հանրային քրեական հետապնդում:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Մ.Կ.-ն, դիտավորությամբ խեղաթյուրելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, ինչպես նաև չունենալով որևէ բիզնես սկսելու կամ ձեռնարկելու նպատակ և շահավետ գործունեություն ծավալելու իրական հնարավորություն, 2019 թվականի հուլիսի 11-ին խարդախությամբ հափշտակել է Մ.Ս.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 45 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 21 մլն 375 հազար դրամը:

Բացի այդ, Մ.Կ.-ն խաբեությամբ և քաղաքացի Վ.Տ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, չունենալով զեղչով կամ որևէ այլ արտոնյալ պայմաններով ձեռնարկատիրական նպատակներով ծխախոտ ձեռք բերելու և շահավետ պայմաններով վաճառելու հնարավորություն, ներդրում կատարելու պատրվակով 2019 թվականի օգոստոսին Վ.Տ.-ից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8 մլն 450 հազար դրամ:

Մեկ այլ դրվագով՝ Մ.Կ.-ն, 2019 թվականի օգոստոսից սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքացի Հ.Թ.-ի հետ՝ վերջինիս օժանդակությամբ ապօրինի ձեռք բերելու և իրացնելու առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ: Մ.Կ.-ի հանձնարարությամբ Հ.Թ.-ն մինչև 2020 թվականի մայիս ամիսը այլ անձանցից վերցրել է առանձնապես խոշոր չափերով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և իրացնելու նպատակով այն փոխանցել է Մ.Կ.-ի մատնանշած անձանց:

2023 թվականի հունիսի 6-ին Գլխավոր դատախազությունում ստացվել են քրեական վարույթի նյութերը՝ ըստ մեղադրանքի՝ Մ.Կ.-ի՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն) (2 դրվագ), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունը, իրացումը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ