Երեկ վիրավորում ստացած զինվորին օգնելիս տուժել է նաև վարորդը․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

bd973b0e1bbfcc904bd4172661c8a601_1668783843

2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 13։00-13:30-ի սահմաններում, հակառակորդի՝ Հակարիի կամրջի դիմաց տեղակայված մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել ՀՀ սահմանապահ զորամասի զինծառայողների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

Արդյունքում սահմանապահ վերակարգի ծառայության կրման վայրում ձեռքի և որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ազրոյանը։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Պարզվել է նաև, որ վերոնշյալ զինծառայողին դուրս բերելիս հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով պատռվել է բուժօգնություն ցուցաբերող մեքենայի վարորդ-զինծառայողի զրահաբաճկոնը։ Զինծառայողն ստացել է թեթև քերծվածք, ֆիզիկական ցավ։ Տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո զինծառայողը հետագա բուժօգնության կարիք չի զգացել։

Նշված փաստերի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է 2 առանձին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:

--00—ՅՄ