«ԼՂ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կարվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

արցախի աժ

Հունիսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները և լրացումները քննարկելու նպատակով, տեղեկանում ենք ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից։ 

Ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամներ՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:

Մայիսին հանրային խորհուրդը հանրագրով դիմել էր խորհրդարանի ղեկավարին՝ առաջարկելով քննարկվող օրենքների նախագծերը սոցիալական կայքէջերում տեղադրելուն զուգահեռ ՝ հանրային քննարկում կազմակերպել սոցիալական խոցելի խմբերի հետ, քանի որ այդ խմբերի անդամների մեծ մասը ի վիճակի չէ օգտվելու սոցկայքերից:

Ընդառաջելով առաջարկին՝ Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է այս լսումները:

Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Վահրամ Առաքելյանը: Նա ներկայացրել է նախագծի խնդրահարույց կետերը, որոնցից մեկը վերաբերում էր հաշմանդամներին կապի միջոցներով ապահովելու հոդվածը ուժը կորցրած ճանաչելուն, մյուսը՝ կենցաղային և տրանսպորտային սպասարկման դիմաց տրվող փոխհատուցման հոդվածը ուժը կորցրած ճանաչելուն:

Նախարարը պարզաբանել է, որ այս փոփոխություններով հաշմանդամների իրավունքների սահմանափակում տեղի չի ունենա, պարզապես այս հարցերի կարգավորումը կտեղափոխվի կառավարության որոշումների դաշտ:

Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի խոսքով՝ օրենսդրական կարգավորումը ի օգուտ հաշմանդամների է, սահմանվում է առավել ճկուն մեխանիզմ:

Խորհրդարանի ընդունած օրենքները բխում են խոցելի խավերի շահից՝ ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամները իրենց նկատառումները հայտնեցին, խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն առաջարկեց օրենքների քննարկմանը հրավիրել շահառուներին ու հաշվի առնել նրանց կարծիքը:

Լսումների մասնակիցները շեշտել են հանրային իրազեկության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին։

--00--ՍՊ