Արցախի ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Ռուբեն Վարդանյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ռվ

Այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի կառույցի, Արցախի ժողովրդավարական և Արցախի Արդարություն կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ և ԱՀ ԱԺ -ում ներկայացված չորս կուսակցությունների քննարկումների արդյունքում ձևավորված Արցախի Հանրապետության ապագայի տեսլականի վերաբերյալ ծրագիրը:

Ռուբեն Վարդանյանն իր շնորհակալությունն է հայտնել կուսակցություններին՝ ակտիվ մասնակցության համար և տեղեկացրել, որ ծրագիրը ներկայացվել է ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին և ԱՀ ԱԽ քարտուղարին: Նա հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը առիթ կհանդիսանա նպատակաուղղված քայլեր ձեռնարկելու համար:

Հանդիպման ընթացքում մասնակից կուսակցությունների ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել քննարկումների ընթացքից, արդյունքներից, պատրաստակամություն հայտնել ծրագրի իրականացման ուղղությամբ հանձնառու լինել և առաջարկել են համագործակցաբար կազմել ճանապարհային քարտեզ՝ ծրագիրը կյանքի կոչելու համար:

Հանդիպման ավարտին մասնակիցները պայմանավորվել են առաջիկա օրերին ներկայացնել ճանապարհային քարտեզի վերաբերյալ իրենց պատկերացումները և մոտեցումները՝ ծրագիրը գործնականի վերածելու համար:

--00—ՍՊ