ԱԱԾ-ում անհարմար են զգում խոսել հանցանք կատարած աշխատակցի մասին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

աած

«Հրապարակ օրաթերթը» գրում է․Հունիսի 6-ին թմրանյութի հետ կապված մի առավել լուրջ սկանդալ տեղի ունեցավ, քան, կարելի է ասել, մասնավոր հիմնարկում հայտնաբերված կոկաինի սկանդալն էր․ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել էին ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի որդուն, որի մեքենայում եղել էր մոտ 240 պարկ թմրանյութ: Նա, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխելիս է եղել Երեւան: Թմրանյութ տեղափոխողը՝ ոչ ավել, ոչ պակաս, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Խաչատուր Կոստանդյանի որդին է, իսկ ընկերը՝ Աճարկուտ գյուղի նախկին գյուղապետի որդին։ Կոստանդյանը նախկինում աշխատել է Տավուշի մարզում՝ որդիների ընկերությունն այնտեղից է գալիս։ ԱԱԾ պաշտոնյայի որդին կալանավորվել է։

Գրավոր հարցում էինք ուղարկել ԱԱԾ՝ պատասխանել հետեւյալ հարցերին․ Խաչատուր Կոստանդյանը շարունակո՞ւմ է պաշտոնավարել ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնում, թե՞ ազատվել է աշխատանքից։ Եթե ազատվել է՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ կարգավիճակ ունի։ ԱԱԾ-ում ծառայողական քննություն նշանակվե՞լ է՝ դեպքի հետ կապված։ Հնարավո՞ր է, որ Կոստանդյանի թույլտվությամբ, օժանդակությամբ, նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով է որդին նման արարք կատարել։ ԱԱԾ-ից, սակայն, այս հարցերից որեւէ մեկին չեն պատասխանել՝ գրավոր հայտնելով․

«ՀՀ Ազգային անվտանգության տնօրենին հասցեագրած Ձեր 08.06․2023 թ․ հարցման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ուստի այլ տեղեկություններ հնարավոր չէ տրամադրել»։

Փաստորեն, ԱԱԾ-ն չպատասխանելով՝ հաստատել է այս տեղեկությունը, սակայն անհարմար է զգացել գոնե ասել՝ պաշտոնյան շարունակո՞ւմ է աշխատել համակարգում, թե՞ ոչ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ