ԱԱԾ-ի նյութերով հիմնավորվել է՝ Փաշինյանի օգնականը միջամտել է քննիչի գործողություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ընթանում է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբիկ Հայրապետյանի և վերջինիս որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու, ինչպես նաև՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը։  Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր դատախազության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ քննիչի որոշման դեմ բողոքը, ինչն էլ այժմ վիճարկվում է Վերաքննիչ դատարանում։ Փաստաբան Ամրամ Մակինյանը վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ կայացնելով նոր դատական ակտ կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Ներկայացնելով բողոքը՝ փաստաբանն արձանագրեց, որ խախտվել են Ռուբիկ և Ռաֆիկ Հայրապետյանների իրավունքները, չեն պահպանվել Քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքները։ Ակնհայտ ապօրինի որոշումը, ըստ նրա, խաթարել է արդարադատության բուն էությունը, մինչդատական վարույթ իրականացնող մարմինների հեղինակությունը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մինչդեռ, դատարանն իր ոչ իրավաչափ որոշմամբ աչք է փակել այս ամենի վրա և հաստատել վարույթն իրականացնող մարմնի, դատախազության ոչ իրավաչափ գործողությունները։ Մակինյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերով հիմնավորվել էր, որ վարչապետի օգնականը, ի պաշտոնե չունենալով քննիչի գործողություններին միջամտելու որևէ լիազորություն, պաշտոնեական լիազորությունների անցմամբ, ապօրինի միջամտել է քննիչի գործողություններին՝ փաստական առումով խմբագրելով և քննիչին վերադարձնելով Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը։

«Մինչդեռ, ԱԱԾ քննիչն, ունենալով վարչապետի օգնականի և ՀԿԳ քննիչի լիազորությունների անցման և քննիչի լիազորություններին միջամտելու ինքնախոստովանական բացատրությունները, մեր գնահատմամբ առերևույթ հանցավոր խմբի գործողություններն ամեն կերպ կոծկելու համար արժանահավատ է համարել վարչապետի օգնականի և քննիչի բերած այն պատճառաբանությունները, որ իբրև վարչապետի օգնականը խնդրահարույց գործերով իրավական օգնություն է ցուցաբերել քննիչին և որևէ եղանակով չի միջամտել նրա գործողություններին, իբրև՝ վարչապետի օգնականի խմբագրած՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը հիմք չի հանդիսացել Ռաֆիկ Հայրապետյանի գործողություններին գնահատական տալու համար, այն քննիչի համար պարտադիր չի եղել»,-նշեց Մակինյանը՝ հավելելով, որ, եթե իրոք քննիչն ու առաջին ատյանի դատարանը հավատում են իրենց որոշմանը, ապա սա իրավական զավեշտ և ծաղր է՝ ՀՀ-ի և ԱԱԾ-ի նկատմամբ։

Մակինյանն ընդգծեց, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, իր հայեցողությամբ, քննիչի որոշման մեջ «փաստեր է» լրացրել կամ կրճատել,ինչը չի բխում նրա պաշտոնեական պարտականություններից։ Դատախազը չառարկեց, որ նման գործառույթ վարչապետը օգնականը չունի, սակայն պնդեց, թե Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը քրեական գործով ներգրավված է եղել որպես փորձագետ։ Դրանով հանդերձ, չկարողացավ նաեւ հիշատակել քրեական դատավարության օրենսգրքի որեւէ հոդված, որը թույլ է տալիս գործադիր մարմնի ղեկավարի օգնականին ներգրավել որպես փորձագետ ու անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մշակումը քննիչի փոխարեն վերապահել նրան, բայց ինչպես դատախազը, այնպես էլ քննիչը խնդրեցին մերժել բողոքը։
Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մարտի 29-ը, ժամը՝ 16.00-ն։
Հիշեցնենք, որ դրան նախորդել էր Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու վերաբերյալ տեսագրություն էր տարածվել, համաձայն որի՝ գործը քննող քննիչը դատավարական որոշումների նախնական տարբերակներն ուղարկել է Աննա Վարդապետյանին, որը խմբագրել է դրանք և կրկին ուղարկել քննիչներին։ Տարածվող տեսագրության առթիվ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստել, որոնց հիման վրա ԱԱԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել՝ պատճառաբանելով, թե Փաշինյանի օգնականը որպես փորձագետ է ծանոթացել քննիչի որոշումների հետ եւ խմբագրել դրանք։

Դրան հաջորդել է թելեգրամյան ալիքներով տարածված մեկ այլ ձայնագրություն, համաձայն որի՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործերը քննող քննիչներին՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ ԱԱԾ-ն մերժել էր նաև այս դրվագով քրեական գործի հարուցումը։ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը նախ՝ դատախազություն էր բողոք ներկայացրել՝ պահանջելով վերացնել որոշումները, իսկ բողոքի մերժումից հետո դիմել դատարան։

--00--ՍԳ