Զորակոչիկին ոչ պիտանի ճանաչելու համար ՊՆ պաշտոնատար անձը 6 միլիոն դրամ կաշառք է վերցրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

դդ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ կատարված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու առերեւույթ հանցանքի մասին վկայող փաստեր, հայտնում են ԱԱԾ-ից։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Գ.-ն 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության զորահավաքային վարչության պետ Ս. Ա.-ի հետ: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Գ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար Ա. Գ.-ից պահանջել եւ 2023 թվականի ապրիլի 14-ին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք ստացած ՊՆ պաշտոնյան եւ վերջինիս կաշառք տված Ա.Գ.-ն 27.07.2023 թվականին ձերբակալվել են:

Նույն օրը Ս. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ՊՆ պաշտոնատար անձի՝ Ս. Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է: Ա. Գ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը եւ 8 միլիոն ՀՀ դրամ գրավը:

Նախաքննությունը շարունակվում է: