Այսօր Մոսկվայում նախատեսվում է առնվազն 2 եռակողմ փաստաթղթերի ստորագրում. «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

3d14b6606d7b2fcea6d3eca11c66eec3_M.jpg

Մոսկվայում ակնկալում են, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ այսօր կայանալիք բանակցությունների արդյունքում առնվազն երկու եռակողմ փաստաթուղթ կստորագրվի։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ փաստաթղթերից մեկը Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր հինգերորդ եռակողմ հայտարարությունն է լինելու, երկրորդ փաստաթուղթն էլ վերաբերելու է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։

«Մայիսի 23-ին Մոսկվայում կայացավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի, Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը մեռյալ կետից շարժելու հերթական փորձը ձեռնարկեց», - գրում է «Կոմերսանտ»-ը։

«Կոմերսանտ»-ը տեղեկացնում է, որ վերջին երկու օրերին հայկական, ռուսական և ադրբեջանական պատվիրակությունները ներգրավված էին ակտիվ բանակցություններում։

Փաստաթղթերից մեկը, որ վերաբերում էր հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, նախապատրաստում էին փոխվարչապետները։ Երկրորդ փաստաթուղթը՝ Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, վերջնական տեսքի էին բերում երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները», - գրում է պարբերականը։

--00—ԶՀ