ՔՏՀԱ տեսչական մարմինը «ՏԻՏԱՆ ՕԻԼ»-ի բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու համար դիմել է ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

3.thumb_.jpg

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու որոշման կատարումն ապահովելու նպատակով դիմել է ՀՀ ՆԳՆ։ Այս մասին հայտնել է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը։

Համաձայն հաղորդագրության՝ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վերահսկողություն են իրականացրել Երևանի Հրաչյա Քոչար-Վ․ Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։

Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ «բենզալցակայանը շահագործող ըկերության տնօրենը չի կատարել ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից 2022թ․ նոյեմբերին տրված կարգադրագրի՝ բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջը և շարունակել է շահագործել նշված հասցեում գտնվող բենզալցակայանը»։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնաբերված խախտումները չվերացնելու պարագայում օբյեկտի հետագա շահագործումն անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը փոխօգնության նպատակով դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարությանը՝ բենզալցակայանի փաստացի գործունեությունը կասեցնելուն օժանդակելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ԶՀ