Արցախի առողջապահության համակարգում դեղորայքի և մասնագետների սուր պակաս կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

507a4066-90f6-4404-51ee-6112c530546d

Ստեփանակերտի ծննդատան, մանկական հիվանդանոցի և Հանրապետական բժշկական կենտրոնի դեղամիջոցների պաշարները չափազանց սուղ են, շրջափակման պայմաններում հնարավոր չէ ներմուծել բժշկական նշանակության ապրանքներն այն քանակությամբ, որքան անհրաժեշտ է։ Հատկապես զգալի է կանանց համար նախատեսվող տարրական դեղամիջոցների պակասը։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Առկա է ջեռուցման խնդիրը, քանի որ բուժհիմնարկները հիմնականում ջեռուցվում են սեփական կաթսայատների միջոցով, և գազի ու էլեկտրականության պարբերական անջատումները լրացուցիչ դժվարություններ են ստեղծում հիվանդների բուժման համար։

Արցախի պետական բուժհաստատություններում դադարեցված են բոլոր պլանային միջոցառումները՝ ներառյալ վիրահատությունները և հետազոտությունները, որպեսզի դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների սահմանափակ պաշարները հերիքեն։

Առողջապահության համակարգում զգացվում է մասնագետների պակասը, որը մինչև շրջափակումը լրացվում էր Հայաստանից և այլ երկրներից եկող մասնագետների հաշվին։ Ավելի քան 2 ամիս է, ինչ բարեգործական ծրագրերով Արցախին մշտապես աջակցող տասնյակ բժիշկներ չեն կարողանում հասնել Արցախ և համապատասխան բուժօգնություն իրականացնել։

--00—ՅՄ