Ապագա քաղաքագետները հետաքրքրվեցին տարածաշրջանային անվտանգությանը առնչվող խնդիրներով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

photo_2023-02-15_17-27-23

Ազգային ժողովում հյուրընկալեցի ապագա միջազգայնագետներին և քաղաքագետներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Խոսեցինք խորհրդարանի գործունեության, դիվանագիտական խողովակներով տարվող աշխատանքների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթների, Արցախի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Երիտասարդները հատկապես հետաքրքրվեցին տարածաշրջանային անվտանգությանը, արտաքին աշխարհի հետ շփումներին, սահմանների անվտանգության ուժեղացմանը, առաջնագծի կահավորմանը, Բերձորի միջանցքի շրջափակմանը, Արցախի ապագա կարգավիճակին առնչվող խնդիրներով:

Կիսվեցի այն մտքով, որ պետք է ունենանք հայրենիքի միասնական տեսլական, դիրքորոշում, հասկանանք՝ ով ենք մենք, որտեղից ենք եկել և ինչ ենք ուզում:

«Շատ ուսումնասիրեք և սրտացավ մասնագետներ դարձեք. հայրենիքի լինելիության հարցը նաև ձեր ուսերին է». այսպիսինն էր իմ խորհուրդը երիտասարդներին:

Հ.Գ. Շնորհակալ եմ ծավալված հետաքրքիր քննարկման համար, վստահ եմ, որ հայկական երկու հանրապետությունների ապագան հուսալի ձեռքերում է»:

--00—ՅՄ