ՀՀ և Չեխիայի ԱԳՆ-ները անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հարցերի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News   

․

Երևանում սեպտեմբերի 29-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացրել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, չեխականը՝ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ էվա Դվորժակովան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակ։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ ԵՄ-ում չեխական նախագահության համատեքստում։

«Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Արա Մարգարյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ

Տեսանյութեր