Որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

․

Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը 2021թ, հոկտեմբերի 23-ին «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովի» շրջանակում «Ապագայի զրույցներ» խորագրով զրույց-քննարկում է ունեցել Նուբար Աֆեյանի հետ: Այս մասին հայտնում է Արմեն Սարգսյանի գրասենյակը։

Հաղորդագրությունում նշված է․

«Նրանք անդրադարձել են մի քանի թեմաների, այդ թվում՝ նորարարության դերին, թե ինչպես է այն տրանսֆորմացիայի ենթարկում աշխարհը, և ինչպես է ինքը՝ նորարարությունը, ենթարկվել տրանսֆորմացիայի, ինչպես կարելի է Հայաստանը դարձնել գլոբալ նորարարությունների կենտրոն...

Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է, որ պատմությունն ապացուցել է, որ Հայաստանը կարող է շատ նորարար լինել, և նշել. «Դուք մեկն եք պատմության ապացույցներից, որ հայկական միտքը կարող է լինել նորարար: Եվ ավելի քան բնական է՝ փորձել Հայաստանը դարձնել նորարարական կենտրոն»...

Զրուցակիցները համամիտ էին, որ «որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա: Հակառակ դեպքում, եթե կանգ առնենք միայն այսօրվա վրա, մենք երբեք դա չենք անի: Այսօրն ավելի կապված է անցյալի, քան ապագայի հետ։ Պետք է այսօրվա խնդիրները լուծելու համար կենտրոնանանք վաղվա վրա, աշխատենք վաղվա օրվա համար, զարգացնենք տարբեր ուղղություններ վաղվա համար:

…Այս ամենը մեծապես կապ ունի նաև հավատի հետ: Մեծ առաջընթացը նախևառաջ հավատի թռիչքն է: Իսկ հավատի թռիչքները նախևառաջ հիմնված են այն համոզմունքի վրա, որ նման թռիչք կատարելով՝ կհայտնվես ավելի լավ վայրում: Այդ հավատը սնվում է մարդու կարողությամբ՝ պատկերացնելու և հավատալու նրան, ինչը պատկերացնում ես: Եթե չկարողանաս հավատալ նրան, ինչը պատկերացնում ես, ապա նախ՝ կլինես ընկճված վիճակում և, երկրորդը, չես կարող առաջընթաց ունենալ: Ուստի, պատմականորեն հավատի խորը արմատներ ունեցող երկրի համար բնազդներից մեկը պետք է լինի հավատալն ապագային: Մենք պետք է գտնենք դա մեր պատմության, մեր մշակույթի մեջ, որպեսզի կարողանանք կրկին հավատալ ավելի լավ ապագային»:

--00--ԱՀ