Մենք խաղաղության ձգտող երկրներ ենք. տեղի ունեցավ ՀՀ-ի և Եգիպտոսի պատվիրակությունների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական է։ Նախագահի խոսքով՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, որը շարունակում է ամրապնդվել Հայաստանի և Եգիպտոսի կայուն հարաբերություններով:

Ողջունելով պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանը նշել է նաև, որ Եգիպտոսի բարեկամ ժողովուրդն առաջիններից էր, որն ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության վայրագություններից փրկված հազարավոր հայերի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն հյուրընկալությունը, որը մեր հայրենակիցներին ցուցաբերվեց: Նախագահի խոսքով՝ եգիպտահայ համայնքը դարձել է մեր բարեկամ երկրներն իրար կապող կարևորագույն կամուրջներից մեկը։

Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին և պատվիրակության անդամներին մասնավորապես ասել է. «Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Անձամբ ես ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Սա պատմական իրադարձություն է. Եգիպտոսի նախագահն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Շնորհակալություն: Մենք հպարտ ենք, որ Դուք այստեղ եք: Մեր առանձնազրույցի ընթացքում միմյանց ներկայացրեցինք նաև մեր անհանգստությունները: Պարոն նախագահը ներկայացրեց Եգիպտոսի և տարածաշրջանային որոշ խնդիրներ: Ես ներկայացրեցի մեր տարածաշրջանային և Հայաստանի Հանրապետության խնդիրները:

Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք:

Մեկ անգամ ևս շնորհակալություն այցի համար: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումներն արդյունավետ կլինեն և կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-եգիպտական առևտրատնտեսական կապերի զարգացման ներուժի ամբողջական օգտագործումը՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում:

Այնուհետև երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր:

--00—ՅՄ