Անկարան Բաքվից թաքնված ծրագրեր չունի․ակնհայտ է ՀՀ-ի ոչ անկեղծությունը կարգավորման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

65

Թուրքիայի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օրակարգով պայմանավորված  քայլերը շարունակվում են։ Այս մասին ասել է  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական Haber Global հեռուստաընկերության ուղիղ եթերում։

«Հատուկ ներկայացուցիչները չորս հանդիպում են ունեցել։ Խոսքը հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես եկավ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օրակարգով։ Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման մասին է և այլն։ Առևտրի ոլորտում որոշակի ջանքեր են գործադրվել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, փոխանցում է aa.com.tr-ը։

Թուրքիայի արտգործնախարարը սուբյեկտիվ է անվանել Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներից մեկուսացած ընկալելու փորձերը։

Չավուշօղլուի խոսքով՝ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության բանալին Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ խաղաղության համաձայնագիրն է։ «Բաքուն հայտարարեց իր նախաձեռնությունների մասին, որին Երևանը չարձագանքեց։ Աշխատանքները սկսելու համար ստեղծվել է համատեղ հանձնաժողով։ Խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանին սա մտահոգում է։ Երևանը պետք է որոշի՝ խաղաղությո՞ւն է ուզում»,- հավելել է Չավուշօղլուն։

Նա նաև ընդգծել է, որ երկու տարի անց հայկական զորքերը դեռ չեն լքել Ադրբեջանի տարածքը։ «Բոլորին ակնհայտ է Հայաստանի ոչ անկեղծությունը կարգավորման գործընթացում։ Երևանը պետք է իմանա, որ Անկարան Բաքվից թաքնված ծրագրեր չունի. Մենք խաղաղության կողմնակից ենք»,- իր խոսում ասել է Մևլութ Չավուշօղլուն։

--00—ԻԴ